ԵԽԽՎ-ն պնդում է Լուգանսկի մոտ ռուս լրագրողների սպանության գործով մեղավոր ճանաչված ուկրաինացի զինծառայող Նադեժդա Սավչենկոյին ազատ արձակելու հարցում՝ հաշվի առնելով ԵԽԽՎ անդամի իմունիտետն ու Մինսկի պայմանավորվածությունները, որոնք պետք է հաշվի առնի ռուսական արդարադատությունը: Ինչպես հայտնում է «Բատկիվշչինա» կուսակցության մամլո ծառայությունը, այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել կազմակերպության նախագահ Պեդրո Ագրամունտը՝ փոխանցում է rosbalt.ru-ն:

«Մեծ մտահոգությամբ ես հետևում եմ Նադեժդա Սավչենկոյի դատական գործընթացին: Այսօր, երբ դատարանը սկսել է կարդալ նրա դատավճիռը, ինչպես նաև հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության տարածքում Նադեժդայի գտնվելու օրինականության հարցը՝ ես հերթական անգամ Նադեժդա Սավչենկոյի անհապաղ ազատ արձակման կոչ եմ անում: Դա պետք է անել Եվրոպայի Խորհրդի Արտոնությունների և անձեռնմխելիության մասին գլխավոր համաձայնագրի կետերին և Մինսկի պայմանավորվածությունների հետ կապված Ռուսաստանի պարտավորություններին համապատասխան»,- նշել է Ագրամունտը:

ԵԽԽՎ ղեկավարը հավելել է, որ «ընդհանուր առմամբ խորհրդարանականների իրավունքների պաշտպանությունը՝ ազատության պաշտպանությունը, նրանց տեղաշարժի ազատությունը և խոսքի ազատությունը, իմ մանդատի հիմնական ուղղություններից մեկն է»:

Ռոստովի շրջանի Դոնեցկի քաղաքային դատարանը երկուշաբթի օրը Սավչենկոյին մեղավոր է ճանաչել ռուս լրագրողների սպանության համար: Դատարանը ապացուցված է համարել այն հանգամանքը, որ 2014 թվականի հունիսի 17-ին նա ուկրաինական օդային ուժերին է փոխանցել խաղաղ բնակչության կոորդինատները, որոնք էլ հետագայում օգտագործվել են հաուբից D-30-ով հրետանային հարվածներ իրականացնելու համար: Կրակահերթի հետևանքով զոհվել են լրագրողներ Իգոր Կորնելյուկը և Անտոն Վոլոշինը:

Սավչենկոն նաև մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի Դաշնության սահմանը ապօրինի հատելու համար: Նրան սպառնում է մինչև 25 տարվա ազատազրկում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել