Tert.am-ը գրում է.
75-ամյա Ռոզա Հարությունյանը, որին գայլը երեկ հոշոտել էր, գտնվում է «Էրեբունի » բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, շնչում է արհեստական սարքի միջոցով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ԲԿ-ի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը:
«Ավարտվել է 75 ամյա կնոջ վիրահատությունը, որը գրեթե 4 ժամ է տևել: Ինչպես նախապես տեղեկացվել էր վիրահատարանում միաժամանակ աշխատել են վիրահատական մի քանի խմբեր` միկրովիրաբուժական, պլաստիկ և դիմածնոտային: ԲԿ-ի առաջատար բժիշկները` Արա Հայրապետյանը, Արտյոմ Իկիլիկյանը և Արամ Բորոյանը նախ վիրաբուժական մշակում են կատարել, հատուկ իմպլանտի միջոցով վերականգնել են աջ այտոսկրի կոտրվածքը: Վիրահատական մշակման են ենթարկվել նաև ձեռքերը, որոնք ևս վնասված են եղել »,- տեղեկացնում է Շուշան Հունանյանը:
Իսկ կնոջ աջ կողմի այտի և քթի հատվածում մաշկի վնասվածքը կվերականգնվի հաջորդ վիրահատության ընթացքում, որը նախատեսվում է իրականացնել մի քանի շաբաթ անց:



