Tert.am-ը գրում է.
Եվրոպական պետությունները, Ամերիկան, գլոբալ նպատակներ են դրել՝ Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելու և Հայաստանին ուժեղացնելու: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:
 
Նա նաև նշեց, որ մուսուլմանական երկրներում ևս հետաքրքրություն կա իրենց փողերը ներդնել արդյունաբերության մեջ այլ երկրներում՝ այդ թվում Հայաստանում, քանի որ նրանց կողմից կարևորվում է Հայաստանի դերակատարությունը՝ որպես դարպաս և հնարավոր է հորդորեն իրենց ներդնողներին կամ իրենց զարգացման գործակալություններին, որ ուշադրություն դարձնեն Հայաստանի վրա:
 
«Հայաստանում բոլոր դեպքերում աշխատուժն էժան է և դա գործատուներին շատ գրավող հանգամանք է, առավելևս, որ հարկերն էլ այդքան շատ չեն»,- ասաց նա և նշեց, որ նոր հարկային օրենսգրքով նախատեսվում է եկամտային հարկը սահմանել ֆիքսված 20 տոկոս, ինչը փոքր թիվ է, որովհետև որոշ երկրներում այդ հարկերը հասնում են մինչև 60 տոկոսի:
 
«Հայաստանը կարող է նաև ունենալ Եվրոպական միության և Եվրասիական տնտեսական միության միջև կամուրջի այդ դերակատարությունը, և որքան էլ դժվար է դա գնում առաջ,  բայց շատ երկրներ արդեն սկսում են հրապուրվել և հասկանալ, որ այդ կամուրջը կարող է լինել Հայաստանը»,- ասաց նա և նշեց, որ եթե պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ երկարում են, եվրոպական ընկերությունները չեն կարողանում Ռուսաստանի հետ ուղիղ աշխատել, իրենք կփորձեն Հայաստանում դնել արտադրություն, որպեսզի Հայաստանից Ռուսաստանի շուկա մուտք գործեն:
 
«Այսինքն՝ այն ընկերությունները, որոնք իրենց երկրների աչքից չընկնելու համար  Ռուսաստանի հետ չեն աշխատում, կամ Ռուսաստանն է արգելել, իրենք կգան Հայաստանում կաշխատեն, որովհետև Հայաստանը խրախուսվում է նաև Եվրոպայի կողմից»,- ասաց նա և նշեց, որ կարելի է սպասել, որ ներդրումների աճ կլինի:
 
«Հայաստանում ներդրումների աճի միակ խանգարող պատճառը կոռուպցիան է, որը շատ գլոբալ խնդիր է և առանց դրա հարցը չի լուծվի: Եթե մենք այդ խնդիրը չլուծենք, դա կարող է մեզ մոտ լուրջ խոչընդոտ հանդիսանալ»,-ասաց նա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել