Tert.am-ը գրում է.
Ընդդիմության առաջարկը՝ հրապարակայնացնելու ընտրություններին մասնակցած քաղաքացիների ցուցակներն ընդամենը պատրվակ է՝ դեմ արտահայտվելու Ընտրական նոր օրենսգրքի նախագծին: Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
 
Հարցին՝ ի վերջո ո՞րն է Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումն այս հարցում, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, թե Վենետիկի հետ իրենց վերջին հանդիպման ժամանակ այդ հարցն անգամ բացարձակապես չի հետաքրքրել հանձնաժողովին:
 
«Նախկինում նրանք պնդել են, որ դա մարդու իրավունքների խախտում է: Մենք նորից կրկնում ենք՝ ցուցակները փակցնելու պահանջն ընդամենը պատրվակ է: Մենք նշում ենք՝ ինչ գործիքներ ենք առաջարկում: Նրանք մտածում են, որ մենք կհամաձայնենք, որ հետո ընտրություններից հետո ասեն, թե հակասահմանադրական քայլ ենք կատարում, հրապարակում ենք մարդկանց անձնական տվյալները: Այսինքն՝ 2014թ.-ին սահմանադրական դատարանը արգելել է, ուզում են նաև ՍԴ կայունության վրա կասկած գցեն»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:
 
Հարցին՝ ի՞նչն է խանգարում իշխանություններին փակցնել այդ ցուցակները, և դրանով իսկ ապացուցել ընդդիմությանը, որ խնդիրներ չունեն, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց.«Բերեմ մի երկու պատճառաբանություն: Ցուցակներ փակցնել նշանակում է մարդկանց ստիպել մասնակցելու ընտրություններին, առավել ևս՝ չինովնիկական, իշխանական կառույցներին ստիպել՝ գնալու ընտրություններին: Մարդու ազատ կամքի արտահայտման ձև է նաև ընտրության չգնալը: Հիմա ինչ անենք՝ արգելե՞նք սա: Սա նաև այն մարդկանց համար է վատ, որ խոստացել են գնալու ընտրությունների, բայց չեն գնացել, այսպիսով՝ նրանք էլ կբացահայտվեն: Ֆեյսբուքյան էջերում, այդ լայնածավալ ֆեյսբուքյան էջերում, նետում են ինչ-որ անուն ազգանուններ, որ կրկնաքվեարկություն են արել: Ու ամբողջ իրավապահ դաշտին պարտադրում են ստուգել, ասում են, թե մամուլում հրապարակում կա, պիտի ստուգեք: Բա սրանից ավել էլ ո՞նց մրոտեն պրոցեսը: Կոչ են անում մարդկանց դուրս գալ միտինգի: Այս մարդկանց նպատակը սա է՝ խլրտում մտցնել հանրության մեջ»:
 
Պատգամավորը հիշեցրեց՝ 2013թ.-ի նախագահական ընտրություններից հետո Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկ էր արվել ղեկավարելու Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը, որից էլ բխում է Ընտրական օրենսգրքի փոփոխությունը:
 
«Ինչ Ընտրական օրենսգիրք էլ բերեիք, իդեալական լիներ, դեմ էին լինելու: Եթե իրենցից մեկը թաքուն մի սենյակում գրեր, չիմանային՝ որ իրենցից մեկն է գրել այդ փաստաթուղթը, դեմ էին լինելու: Թող գրեն ալտերնատիվ նախագիծ, ինչո՞ւ չեն անում: Ավելորդ շոուներ են սարքում»,- հավելեց նա:
 
Վահրամ Բաղդասարյանը նկատեց նաև, որ իրենք ընդունել են Լևոն Զուրաբյանի առաջարկը «4+4+4» ֆորմատով աշխատանքային խումբ ստեղծելու մասին:
 
«Ուզում է լինի 4+4+4 պլյուս մի 3 հատ էլ 4 մենք պատրաստ ենք: Ցանկացած ձևաչափի պատրաստ ենք: Բայց իրենք գալիս են, թե մենք չորս հոգով՝ ամեն մի ուժից մեկը, այսինքն՝ երեք ձայնով, ուզում են մեր 70 հոգանոց խմբակցությանը պարտադրեն իրենց մոտեցումը: Ասում են՝ մենք մի քանի հոգով նստենք որոշենք սրա ճակատագիրը, գնանք: Հիմա եկել են երկու հոգով, երկու պատգամավորով ասում ենք՝ ձեր 70–ի հետ կոնսենսուսի պետք է գնանք: Հիմա չեմ ուզում կերպարների մասով անդրադարձ անենք»,- մասնավորեցրեց պատգամավորը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել