Ո՞ր ծակում էր թաքնված անզեն մարդուն ծեծող Գորիսի ոստիկանապետը, երբ Լիսկայի որդին էր հերոսություններ անում։ Ասեք ինձ, ո՞ր ծակում։
Չեմ պատրաստվում վերապատմել այն ամենը, ինչի մասին խոսվում է տեսանյութում, ինքներդ էլ կարող եք լսել, պարզապես ինձ համար սա հուներից հանող խայտառակություն է։
Մի պահ մոռանանք այն բարոյա-խ-րատական հարցադրումը, թե ինչ գործ ունի ոստիկանը, այն էլ ոստիկանապետը՝ այն էլ դատախազի ու քննչականի բարձրաստիճան ներկայացուցչի հետ սաունաներում։ Ի վերջո, իրենք էլ իրենց զոհերի պես մարդիկ են և եթե աշխատանքից հետո ցանկանում են թեկուզ սաունայում անցկացնել հանգիստը՝ իրենց խնդիրն է։
Սակայն այն ինչ տեսնում ենք տեսանյութում, ոչ այլ ինչ է, քան լկտիություն, անգամ եթե ծեծվողը գիտեր, թե ում հետ գործ ունի։ Իսկ քրեական գործ հարուցելը՝ լպիրշության գագաթն է։ Գործը, ինչպես հասկացա, հարուցվել էիշխանության ներկայացուցչին դիմադրություն ցուցաբերելու համար։ Այդ դեպքում, հարց է առաջանում, թե իշխանության ներկայացուցիչն արդյո՞ք իր ծառայողական պարտականություններն էր իրականացնում ու ինչո՞ւ էր հենց սաունայում անում դա։
Երկրորդ, եթե իր ծառայողական պարտականություններն էր իրականացնում, ապա առնվազն մի քրեական գործի թեմա էլ իր մասով կա այս տեսանյութում, քանի որ նույնիսկ անզեն աչքով երևում է, որ նա գերազանցում է իր լիազորություններն ու կոպտորեն խախտում է ծեծվածի իրավունքները։
Ու կրկին անգամ, ո՞ւր էր այս խրոխտ ու խիզախ, հսկա ջարդող ու վիշապ խեղդող ոստիկանը, երբ Լիսկայի որդին էր մարդկանց աչք հանում ու կրակում։ Ինչո՞ւ մի անգամ չտեսանք նման վարք նրանց հանդեպ, թե՞ մենակ թույլերի վրա է ուժները պատում։ Այդ դեպքում, ինչո՞վ է այս ոստիկանը, այն էլ ոստիկանապետը իրավապահ։ Միայն պագոնո՞վ։ Փաստորեն այդպես, բայց այդ դեպքում, նա ոստիկան չէ, նա պարզապես խուժան մենթ է, ով ոչնչով չի տարբերվում կրիմինալից։
Տեսնենք, թե արդյո՞ք ոստիկանապետը հավատարիմ կմնա իր հրապարակային խոսքին ու թույլ չի տա, որ տականքը մնա ոստիկանի համազգեստի մեջ։