Tert.am-ը գրում է.
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը Tert.am–ի հետ զրույցում մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հրադադարի ամրապնդման մասին հայտարարությունը։
– Ինչպես կմեկնաբանեք, որ Ադրբեջանի նախագահը տարօրինակ է համարում հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում զինադադարի ռեժիմի ամրապնդումը:
– Առավել քան տարօրինակ է այն, որ երկրի ղեկավարը բացահայտորեն դեմ է արտահայտվում այնպիսի միջոցառումների իրականացմանը, որոնք ուղղված են մարդկային կյանքեր փրկելուն:
Ավելին, հաշվի առնելով, որ 1995թ. կնքված եռակողմ՝ Լեռնային Ղարաբաղ, Ադրբեջան և Հայաստան, համաձայնագրով զինադադարի ռեժիմի ամրապնդումը Ադրբեջանի նաև միջազգային պարտավորությունն է, այդ հայտարարությունը դառնում է զավեշտական:
Ադրբեջանի ղեկավարությունը բոլորին մեղադրում է ստատուս քվոյի պահպանման մեջ, այնինչ, հենց ինքն անում է ամեն ինչ, այդ թվում՝ գործելով իր իսկ ստանձնած պարտավորություններին հակառակ, ստատուս քվոն պահպանելու համար:
Ադրբեջանի ղեկավարի տարօրինակ և ագրեսիվ ոճը հասցեագրված է առաջին հերթին սեփական ժողովրդի դեմ, որովհետև գնալով անհնարին է դառնում սահմաններին լարվածության սրմամբ և արտաքին վտանգի շահարկմամբ հասարակության ուշադրության շեղումը և ժառանգական աթոռի պահպանումը:



