Tert.am-ը գրում է.
Հանրապետությունում կա կազմակերպություն, որը բերքը ցրտահարությունից փրկելու համար նախատեսված և համեմատաբար էժան սարքավորումներ ունի, սակայն ակտիվ գովազդի պայմաններում անգամ, գյուղացիական տնտեսությունները որևէ հետաքրքրություն չեն ցուցաբերում դրանք ձեռք բերելու համար:
Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը` մանրամասնելով. «Նրանք այդ փորձարկումներն արել էին, բայց առանձնապես հետաքրքրություն չեն ցուցաբերում մարդիկ»:
Սա նրա պատասխանն էր հարցին, թե կա հնարավորություն, որ Գյուղնախարարությունը համապատասխան գումարների դիմաց և ցանկության դեպքում ՀՀ ներկրի գյուղացիական տնտեսությունների՝ արտերկրում կիրառվող այդ տեխնոլոգիաներից համեմատաբար էժանները:
Հիշեցնենք, որ մամուլում այս օրերին հաճախ են հարցադրումներ արվում, որ արտերկրում վաղուց արդեն գյուղատնտեսության մեջ կիրառվում են սարքավորումներ, որոնցով բերքը հնարավորինս փրկվում է բնության անակնկալներից` ցրտահարությունից կարկտից: Խոսքը ծխի փոքրիկ գնդիկների մասին է, որոնք պարուրում են ծառերը, այն դեպքում, երբ Հայաստանում գյուղացիները պոլիէթիլենային տոպրակներով են ծածկում ծաղկաթերթերը, իսկ որոշ տեղերում, համաձայն մամուլում արված լուսանկարների` կտորներով, սփռոցներով, ծածկոցներով:
Գյուղփոխնախարարը, իհարկե, այն կարծիքին է, որ այդ ամենը շատ ավելի հեշտ է գործարկել եվրոպական երկրներում.«Եվրոպական երկրներում, նախ, ստանում են շատ բարձր բերք այն պատճառով, որ ինտենսիվ այգիներ են հիմնված ու շատ ավելի բարձր եկամուտներ են ապահովում»:
Ըստ Գառնիկ Պետրոսյանի` արտասահմանում կիրառվող մեթոդներից մեկը ավտոմատ համակարգերով անձրևացման մեթոդով ծառերի ցողապատումն է /երբ ցողապատ շերտի տակ ծաղկաթերթը ջերմություն է արձակում ու պահպանվում մինչև կհաստատվի տաք ջերմաստիճանը/, սակայն մեկ հեկտարի կտրվածքով նման մեթոդի կիրառման արժեքը 10 հազար եվրո է: Կոտայքի մարզում կան, օրինակ, գերմանացի մասնագետներ, որոնք նման մեթոդ կիրառում են խնձորենու այգիներում:



