Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Բրյուսելից վերադառնալիս լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ արևմտյան երկրները ջանքեր են գործադրում նոր Սայքս-Պիկոյի համաձայնագիր կիրառելու ուղղությամբ, որպեսզի մասնատեն Սիրիան ու Իրաքը։

Դավութօղլուն ընդգծել է, որ իրենք հակազդում են 100 տարի անց նոր Սայքս-Պիկոյի համաձայնագիրը կիրառելուն և թույլ չեն տա ևս մեկ անգամ կիրառել դա։ Դավութօղլուն ափսոսանք է հայտնել, որ Սիրիայում խաղարկվեցին բոլոր հնարավոր կեղտոտ խաղերը, և որ այն հայտնվել է մասնատման վտանգի տակ. «Այժմ ցանկանում են Սիրիան բաժանել 3-4 մասի, ինչպես նաև մասնատել Իրաքը և այդպիսով իրագործել նոր Սայքս-Պիկո։ Մենք հակազդում ենք դրան»։ Դավութօղլուն նաև հայտարարել է, որ Իրանը ևս չի ցանկանում Սիրիայի մասնատում։

Սայքս–Պիկոյի գաղտնի համաձայնագիրը կնքվել է 1916 թվականի մայիսի 16-ին Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջև՝ Օսմանյան կայսրության ասիական տիրույթների, առաջին հերթին՝ արաբական նահանգների բաժանման մասին։ Համաձայնագրի նախագիծը պատրաստել էին դիվանագետներ անգլիացի Մարկ Սայքսը և ֆրանսիացի Ժորժ Պիկոն (այստեղից էլ «Սայքս-Պիկո» անվանումը)։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել