Araratnews.am-ը գրում է.
Արաբկիրի նորանշանակ թաղապետ Հովհաննես Վարդանյանը, ով հայտնի է Դաշնակ Հովո անունով, պարզվում է բավականին արկածախնդիր պատանեկություն է ունեցել: Վերջինս, ի նշան հավատարմության, իր ճկույթը կտրել եւ ուղարկել է ներկայիս ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին:
Նշենք, որ Հովհաննես Վարդանյանը մինչ Արաբկիրի թաղապետի պաշտոնում նշանակվելը նախկինում աշխատել է ՀՀ ոստիկանությունում, Ռազմական ոստիկանությունում, Գլխավոր դատախազությունում:
Իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը Araratnews.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Դաշնակ Հովոյի պատանեկան արկածախնդրությանը, ասաց, թե դեպքը տեղի է ունեցել նրա՝ ռազմական ոստիկանությունում աշխատելու տարիներին, եւ այնտեղ «ճշտով» տղաները նման բաներ սովորաբար անում էին: «Այդ ժամանակ աշխատում էր ռազմական ոստիկանությունում, եւ, ինչքան տեղյակ եմ, նա մի հարցում Վ. Գասպարյանին ասել է, որ մեղավոր է, ինչ անի, վերջինս էլ ասել է՝ կտրի մատդ»,- ասաց իրավապաշտպանը:
Նրա խոսքով զարմանալի չէ, որ «ճշտով» ոստիկանը նշանակվեց Արաբկիրի թաղապետ: Ռուբեն Մարտիրոսյանը կարծում է, որ այս նշանակումը կատարվել է Սերժ Սարգսյանի անմիջական հրահանգով եւ «դաբրոյով»: «Միշտ նույն բանաձեւն է, Սերժ Սարգսյանն իր կողքին հավաքում է այն մարդկանց, ում որ գտնում է, իր պատկերացմամբ, արժանի: Հայաստանում, փաստացի, պաշտոնի նշանակվում են այդ մարդիկ»,- ասաց իրավապաշտպանը: Նա գտնում է, որ սա իրենց կողմից դիտվում է, որպես հավատարմության նշան, մինչդեռ պետական պաշտոնյան իր հավատարմությունը պետք է ցույց տա լավ աշխատանքով:
Բայց Հայաստանում շատ ու շատ պաշտոնյաներ ոչ թե հավատարիմ եմ իրենց վերադասին, այլ պարզապես իրենց ստրկամտությունն են ցույց տալիս:
Ռուբեն Մարտիրոսյանը նաեւ նշում է, որ ճկույթը կտրած թաղապետին պետք է քրեական պատասխանատվության ենթարկեին, քանի որ վերջինս պետք է դատվեր անդամախեղում կատարելու հոդվածով: «Բաց Հայաստանում, մենք գիտենք, որ օրենքներ չեն գործում, քանի որ Սերժ Սարգսյանին ձեռք չի տալիս, որ օրենքները գործեն»:
Նշենք, որ Արաբկիրի նորանշանակ թաղապետ Հովհաննես Վարդանյանը՝ Լիդերը, պաշտոնին անցնելուց հետո սկսել է խորհրդակցությունների շարք: Նա, որոշ պաշտոնյաների նման, որոշել է իր ակտիվությունն ավելի շատ ցուցաբերել ֆեյսբուք սոցիալական ցանցում՝ այնտեղ տեղադրելով լուսանկարներ եւ գրառումներ: Ի դեպ, ըստ տեղեկությունների, լուսանկարները Լիդերը ֆոտոշոփ է անում, որ պատանեկան արկածախնդրության «դառը» հետեւանքները նկատելի չլինեն:
Փայլակ Ֆահրադյան



