Tert.am-ը գրում է.
Հայտնաբերվել են Դոնի Ռոստովում կործանված Boeing 737-800 ինքնաթիռի «սև արկղերը»։ Այդ մասին «Ռոսսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտնել է ՌԴ տրանսպորտի նախարարի խորհրդական Ժաննա Տերեխովան, փոխանցում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
««Սև արկղերը» հայտնաբերվել են, այդ իսկ պատճառով այսօր, հավանաբար, արդեն որոշում կկայացվի՝ երբ դրանք կվերծանվեն»,- ասել է նա՝ հավելելով, որ դրանից հետո արդեն պարզ կլինի ՝ որն է եղել վթարի պատճառը։
Ուժային կառույցներում աղբյուրի խոսքով՝ հայտնաբերվել է «սև արկղերից» միայն մեկը։
Ի դեպ, հետաքննությանը կմասնակցեն Արաբական Միացյալ Էմիրություններից, ԱՄՆ-ից և Ֆրանսիայից փորձագետներ։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի օդանավակայանում այսօր՝ տեղի ժամանակով 03։50-ին, վթարի է ենթարկվել FlyDubai ավիաընկերությանը պատկանող Boeing 737-800 ուղևորատար ինքնաթիռը, ինչի հետևանքով զոհվել են բոլոր 55 ուղևորները և անձնակազմի 6 անդամները։ Ինքնաթիռը Դոնի Ռոստով էր մեկնել Դուբայից։



