Այսօր մեր երկրում մի անհեթեթ վիճակ է ստեղծված, որի հիմքերը դրվել են մեր ԻԲՐ անկախացման հենց առաջին օրերից…
Մենք ունենք քաղաքականությամբ զբաղված փքուն անուններով մի շարան կազմակերպություններ, մարդ-կուսակցություններ, քաղաքական գործիչներ, սակայն չունենք ոչ ներքին, ոչ էլ արտաքին ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ քաղաքականություն, քանզի անխտիր բոլոր քաղաքական կուսակցություններն ու գործիչները ներքին և արտաքին քաղաքականության թեմաներով ԼԵԶՎԱՇԱՐԺՈՒԹՅԱՄԲ են միայն զբաղված, ինչի գլխավոր նպատակը ազգանվեր ու պետականամետ, խելացի ու մտախոհ, ժամանակակից ու առաջադեմ գործիչ երևալն է:
Ունենք բազմաբնույթ հասարակական կազմակերպություններ և այդ կազմակերպություններում իրենց կարիերան կերտող և ինչու ոչ, նաև հացը վաստակող անհամար երիտասարդ աղջիկ-տղաներ, ովքեր անվերջ ծռմռտվում են երեխաների, կանանց մարդու ամենատարատեսակ ՛՛ազատություններն ու ոտնահարված իրավունքները՛՛ պաշտպանելով: Սրանք հասարակության մեջ հազիվ նշմարված արատների բազմապատիկը ցույց տալով, լուն ուղտ դարձնելով, օտարների աչքերում մեր ժողովրդի վարկաբեկման գնով, ապահովում են իրենց ՛՛գրանտային մուտքերը՛՛ և մեծ հաշվով իրենց գոյությունը: Սակայն ի՞նչ ասես: Սրանք էլ իրենց աբսուրդը ստեղծելով իրենց անձնական խնդիրներն են լուծում:
Ունենք գիտությունների ազգային ակադեմիա, ակադեմիկոսների ու գիտության դոկտորների մի ստվար բանակ, ովքեր անվերջ խոսում են գիտության նվազ ֆինանսավորման հետևանքով իրենց ՛՛չօգտագործվող կարողությունների՛՛ մասին, սակայն երկրի սուղ ֆինանսական միջոցներից իրենց հատկացվածին համապատասխան երկրին գոնե մի աննշան եկամուտ բերող ոչինչ չեն ստեղծել, գիտության որևէ մարզում երևացող մի չնչին հաջողություն անգամ չեն արձանագրել: Այսինքն, մենք ունենք գիտության մասին խոսողներ, սակայն գիտություն, որպես այդպիսին՝ չունենք:
Մտավորականի դիպլոմ ունեցող մարդկանց մի հսկայական զանգված ունենք, ովքեր «ներգրավված» են երկրի կառավարման համակարգերում, քաղաքապետարաններում ու թաղապետարաններում, համայնքապետարաններում ու գյուղապետարաններում, մատաղ սերնդի կրթության և դաստիարակման, մարդկանց բժշկման, սոցիալական ապահովության, նրանց անդորրի պահպանման և մի շարք այլ ոլորտներում, սակայն այնտեղ, որտեղ շարքային մարդկանց, քաղաքացիներին ինչ որ բանի թույլատվություն տալու, նրա ՛՛մատից մի փուշ հանելու՛՛, օրենքով հասանելիքը մարդուն հատկացնելու խնդիր կա դրված, այդ խնդիրները լուծելու համար նախատեսված ՛՛մեկ պատուհանից՛՛ ներս տիրում է համատարած կաշառակերությունն ու մարդու անսահման զայրույթն առաջացնող դրամաշորթությունը:
Հանրային խորհուրդ ունենք, որտեղ ըստ սահմանման պետք է հավաքված լիներ ազգիս ողջ ինտելեկտուալ պոտենցյալն, ում համար առաջնային պիտի լիներ հասարակության այս հոգևոր-բարոյական անկման պատճառների բացահայտման ու այս վիճակից դուրս գալու ուղիների մատնանշման, ազգանվեր, համակարգային մտածելակերպով օժտված մարդկանց, ազգիս իմաստուններին փնտրել-գտնելու և նրանց մտավոր կարողությունների օգտագործման միջոցով այս ինքնասպառված համակարգը մեկ այլ, առավել կենսունակ համակարգով փոխարինելու, ՛՛զուգահեռ պետություն՛՛ կառուցելու խնդիրը…
Սակայն այս կառույցն ու իր ՛՛հոգնած՛՛ մարդիկ էլ զբաղված են վերոնշյալի հետ որևէ առնչություն չունեցող, իրենց ինքնանպատակ, հետևաբար անիմաստ գոյությունն արդարացնող ձևական և անբովանդակ խնդիրներով…
Մեզանում այսպիսի վիճակ է տիրում ամենուր…