Newmag.am-ը գրում է.
Չէ, ինչ ուզում եք ասեք, հետաքրքիր երկիր է Հայաստանը: Առեղծվածաշատ, ես կասեի: Երկիր, որտեղ ամենատարօրինակն ու ամենաչվերծանվածն, ըստ իս՝ «չհիմնավորված մուննաթի հայկական սինդրոմն» է: Որ Հայաստանում բոլորը բոլորից դժգոհ են, վաղուց անտի ոչ մեկի համար այլևս գաղտնիք չէ: Հետաքրքիրն այն է, սակայն, որ դրանից շոշափելի չափաբաժին է սկսել հասնել նաև Մայր բնությանը:
Նախորդ շաբաթն առանձնացավ հողի մշակների կազմակերպած հարկադիր պիկետների հերթագայությամբ: Գերբորբոքված կրքերը լակմուսի թղթի նշանակություն ունեցան, ի դերև հանելով հայկական իրողությանը բնորոշ լղոզվածության ամբողջ «հմայքը»:
Շիկացած կրքերի վրա յուղ շուռ տվողն այս անգամ՝ իր ընկալմամբ իրեն պարկեշտ դրսևորած, այլոց դիտարկմամբ այս տարի անհարկի բեղունությամբ աչքի ընկած մայր բնությունն էր: Որն է այդ դեպքում նրա մեղավորությունը, «լուսավորության» նկատառումներով իրավացիորեն կփորձեք տեղեկանալ դուք:
Ընդունելով հանդերձ, որ հարցը տրամաբանական է, կխնդրեի այն վերահասցեագրել ոչ թե ինձ, այլ «Գյուղնախարարություն» կոչվող առեղծվածային հիմնարկին, որի իմաստին ու նշանակությանը հասու լինելու համար բազում գլուխներ են «ջարդվել ու ջարդվում»:
Հողի մշակները միամտաբար շարունակում են իրենց «պայծառ ապագան» կապել հենց այս տարօրինակ գոյացության «խոստումային» բարեհաճության հետ: Գոյացություն, որի ջրերը երբեք եղանակի տեսության հետ նույն առվով չեն հոսում: Տարին չորային է` բնությունն է մեղավոր, տեղումնառատ է` բնությունն է մեղավոր, արգասաբեր է`այդ դեպքում հաստատ՝ Մայր բնությունը մեղավոր ու մեղավոր է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



