Tert.am-ը գրում է.
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը վերջին շրջանում տեխնիկական բավական լուրջ հագեցվածություն է ստացել: Կոտայքի մարզի Գետարգել համայնքում այսօր «Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի» բացման ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փրկարար ծառայության գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը:

«Տարաբնույթ հրշեջ-փրկարարական մեքենաներին գալիս են ավելանալու նաև մոտոցիկլետները, որոնք քաղաքային պայմաններում կարող են ավելի արդյունավետ և արագ արձագանքել»,-տեղեկացրեց Նիկոլայ Գրիգորյանը՝ հավելելով, որ բոլորովին վերջերս ԱԻՆ փրկարար ջոկատը դարձել է ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի անդամ, որտեղ ընդգրկված են աշխարհի ընտրյալ փրկարարները:

ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալը նաև նշեց, որ ԱԻՆ-ի 35 հոգանոց դեսանտային խումբն անընդհատ պատրաստվածության դասընթացներ են անցնում Պաշտպանության նախարարությունում, և Պաշտպանության նախարարության ուղղաթիռի օգնությամբ կարող են հասնել յուրաքանչյուր կետ:

«ԱԻ նախարարության 120 աշխատակիցներն ամեն տարի վերապատրաստում կանցնեն Ռուսաստանի Դաշնությունում, դրանք կինոլոգներն են, քաղաքացիական ականազերծողները, փրկարարները և այլ նեղ մասնագիտության կրողներ»,-ասաց Նիկոլայ Գրիգորյանը:
ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանն էլ ասաց, որ հայ-ռուսական կենտրոնն ունի շուրջօրյա հերթափոխ, համապատասխան տեխնիկական հագեցվածություն և անձնակազմ՝ խնդիրները լուծելու և դրված նպատակներին հասնելու համար:
«Մեր ռուս գործընկերների հետ այստեղից կլինի ուղիղ տեսակապ, տեսահեռախոսային կապ կլինի նաև մեր երկրում գտնվող բոլոր ճգնաժամային կառավարման տարածքային կենտրոնների հետ: Այստեղ կիրառված են ժամանակակից տեխնոլորգիաներ և անհրաժեշտության դեպքում ստեղծված են պայմաններ՝ արդյունավետ կառավարում իրականացնելու համար»,-եզրափակեց Հովհաննես Խանգելդյանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել