Հայ երկրպագուների հիացական հայացքների մեջ մադմուազելն իրեն նորից տեսավ աստղային փառքի գագաթին. «Համերգի սկզբում շատ լարված էի. նոր երկիր էր Հայաստանն ինձ համար, հանդիսատեսը՝ անծանոթ: Բայց երբ ասացի՝ իմ երգերից էլ եմ երգելու, ու տեսա՝ ինչ մեծ գոհունակությամբ դահլիճն արձագանքեց, ինքնավստահությունս միանգամից վերադարձավ»:
«Սև մռութ» հանքափորի աղջիկը բեմի վրա բանվորի պես էր աշխատում, նորելուկ աստղի պես պայքարում հանդիսատեսի համակրանքի համար: Միջազգային կարիերայի դափնիներից գահ չէր հյուսել ու բազմել վրան. ոչ առաջին թարմության համաշխարհային աստղերն են հաճախ այդպես անում բեմին հրաժեշտ տալը ձգձգելիս:
Քառասունութամյա Պատրիսիա Կաասի անունը հիմա Ֆրանսիայում «աֆիշի վերևում» չէ, ինչպես կասեր Ազնավուրը: Երգում է, թողարկում ալբոմներ, շրջագայում աշխարհով մեկ, բայց նրա նոր երգերը չեն «պայթեցնում» ռադիոյի ու հեռուստատեսության եթերը: Ֆրանսիացի հեռուստալրագրողներն էլ Կաասի անունը տալիս չգիտես ինչու նետում են. «Երգչուհի, որը մեծ ժողովրդականություն է վայելում, հատկապես Ռուսաստանում»:
Երգչուհին չի նեղսրտում. «Հիմա էլ Ֆրանսիայում բոլորը ճանաչում են ինձ: Գուցե ինձ քիչ են լսում: Նոր երգերս հազվադեպ են տարածվում ռադիոյով: Դե՛, ժամանակն անցնում է, նոր սերունդներ են գալիս: Նորմալ է, որ շարժ կա: Մեզ՝ արտիստներիս, դա հնարավորություն է տալիս տեղում չդոփել, զարգանալ, սովորել, հասկանալ: Նույնիսկ այն հոգեվիճակը, որ մտածում ես՝ օ՜, իմ մասին սկսել են քիչ խոսել…, այդ անհանգստությունն ու տխրությունն անգամ առաջ են մղում արտիստին»:
Նոր է հասկանում՝ ինչ էր ուզում ասել Ազնավուրն իրեն, երբ ինքը շատ երիտասարդ էր, իր երգերը` շատ մոդայիկ. «Եթե մոդայիկ չլինես, երբեք դուրս չես գա մոդայից»: «Շատ գեղեցիկ հաճոյախոսություն է. եթե շատ ես հետևում մոդային, մի օր մոդան անցնում է, դու էլ հետը: Մինչդեռ, մոդայի հետևից չընկելով, միշտ քո տեղն ես ունենում»,- իր «կարիերայի տևականությամբ» է հիանում Պատրիսիա Կաասը. «Ամենակարևորը մարդկանց հարգանքն է քո հանդեպ, որը պահպանվում է կարիերայիդ սկզբից ավելի քան 25 տարի անց: Նշանակում է՝ դու կաս, քեզ չես կորցրել, քո երգն ապրում է»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ





