Դեպի Հայաստան ներգնա զբոսաշրջիկների հոսքերում ըստ աշխարհագրության որոշ փոփոխություններ են գրանցվել։ Մասնավորապես, պակասել է ռուսաստանցի, վրացի, իտալացի ու ֆրանսիացի զբոսաշրջիկների թիվը, ավելացել՝ Իրանից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Գերմանիայից, Իսպանիայից, Ավստրալիայից, Իրաքից եկածների թիվը:
Այս մասին այսօր հրավիրված՝ Հայաստանում զբոսաշրջության և ավիացիայի զարգացման թեմայով քննարկմանը հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը։
«Այսինքն՝ այլ շուկաների համեմատ մենք նույնիսկ ունենք աճ, ինչը նշանակում է, որ Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը մեծանում է, դեպի Հայաստան զբոսաշրջությունը՝ աճում»,-ասաց նա։
Նա նկատեց, որ ենթակառուցվածքների առումով Հայաստանն ունի զգալի հաջողություններ. «Միայն 2015-ին 4 նոր հյուրանոց է բացվել Հայաստանում, որից 2-ը մարզերում` Ջերմուկում և Հաղպատում»։
Նա ներկայացրեց ընդհանուր թվեր 2015 թ. կտրվածքով: Ըստ այդմ՝ ներգնա զբոսաշրջությունը 2015-ին 2014-ի համեմատ նվազել է 1 տոկոսով՝ բացարձակ թվով կազմելով 1 միլիոն 192 հազար:
Ըստ Զբոսաշրջության վարչության պետի՝ նվազումը հիմնականում պայմանավորված էր Ռուսաստանից այցելությունների նվազմամբ. այս ուղղությունը Հայաստանի համար եղել է առաջինը՝ իր շուրջ 45 տոկոսով:
Ընդհանրապես ՌԴ-ից 2015-ին, կապված ռուբլու փոխարժեքի նվազման հետ, արտագնա զբոսաշրջությունը ոչ միայն Հայաստան, այլև բոլոր ուղղություններով նվազել է՝ 9 ամսվա տվյալներով` 31 տոկոսով, դեպի Հայաստան` 6 տոկոսով: Կա չնչին նվազում նաև Ֆրանսիայից, Իտալիայից, Վրաստանից եկած զբոսաշրջիկների առումով:
Փոխարենը կա այլ շուկաներից ներգնա տուրիզմի աճ, մասնավորապես՝ Իրանից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Գերմանիայից, Իսպանիայից, Ավստրալիայից, Իրաքից:
Հիշեցնենք, որ նախորդ տարի ՌԴ-ից Հայաստան ներքին զբոսաշրջությունը խթանելու նպատակով որոշվել էր, որ Ռուսաստանից Հայաստան կարող են ժամանել ներքին անձնագրերով:
Պատասխանելով հարցին, թե ինչ-որ կերպ օգնե՞ց ՀՀ-ում զբոսաշրջությանը, Մեխակ Ապրեսյանը նշեց. «Դա դեռ քննարկման գործընթացում է, հուսով ենք, որ էապես պետք է նպաստի: Այնուամենայնիվ, ՌԴ-ից դեպի ՀՀ այցելությունների հետաքրքրությունն աճում է: Ընդհանուր առմամբ՝ կազմակերպվել է շուրջ 170 լրագրողների, զբոսաշրջային օպերատորների ճանաչողական այց, նրանք բավականին տպավորված էին»։
Հիմա քննարկվում են ՌԴ շուկայում մարկետինգային առավել ակտիվ քայլերի սցենարներ, բայց, ինչպես նշեց պաշտոնյան, այս հարցում անհրաժեշտ են ոչ ստանդարտ քայլեր:
Տնտեսագետ, տուրիզմի ոլորտի փորձագետ Արտակ Մանուկյանը նկատեց, որ ներկայացված վիճակագրությունից արդեն իսկ կարելի է որոշակի եզրակացություններ անել:
Ըստ նրա` այցելությունների աճին նպաստել է Քիմ Քարդաշյանի այցելությունը Հայաստան:
«Երկրորդ կարևոր միջոցառումը Հայոց ցեղասպանության 100-ամյա միջոցառումների կազմակերպումն էր և Համահայկական խաղերի անցկացումը»,-նկատեց Արտակ Մանուկյանը:
Նա ասաց, որ պետք է արձանագրվեր դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների աճ , քանի որ նախորդ տարի անցկացվել էին մարքեթինգային լուրջ քայլեր, սակայն գրանցվել է մոտ 1 տոկոս նվազում:
Նա առաջարկեց լուրջ ուշադրություն դարձնել այն փաստի վրա, որ խզվածությունը մեկնող և ժամանող հայերի միջև գնալով փոքրանում է: Այսինքն` Հայաստանը, որքան զբոսաշրջիկ է ընդունում, գրեթե նույնքան էլ արտահանում է:
Ըստ Արտակ Մանուկյանի` այցելությունների թվում կարևոր գործոն է տուրիստների ծագումնաբանությունը` նրանց մոտ հայկական արմատների առկայությունը: Սակայն տնտեսագետը զգուշացնում է, որ մեկ սերունդ հետո նշված գործոնն արդեն կորցնում է ուժը:
Ի դեպ, նշենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Քաղաքացիական ավիացիայի քաղաքականության և տնտեսական կարգավորման վարչության պետ Աննա Չոբանյանն էլ պետք է ներկա լիներ ասուլիսին, սակայն ֆորսմաժորային պատճառներով չի կարողացել ներկա լինել:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/03/18/apresian/1966837
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



