Tert.am-ը գրում է.
«ՀՀ ընտրական օրենսգիրք» նախագծի շուրջ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում կազմակերպված քննարկման ժամանակ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը, անդրադառնալով «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի բարձրացրած՝ մատների թանաքոտման հարցին, ասաց որ մատների թանաքոտում կիրառել են այն երկրները, որոնք չունեն անձը հաստատող միասնական փաստաթղթեր:
«Այն ինքնին լուծում չէ և կարող է պարունակել թերի կողմեր»,-ասաց նա:
Նա ներկայացրեց, որ մատների թանաքոտման երկու տարբերակ կա՝ տեսանելի և անտեսանելի:
«Տեսանելի թանաքը լավագույն լուծումը չէ, և անձը կարող է հրաժարվել»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է անտեսանելի թանաքին, ապա նա ասաց, որ այն ևս ունի խնդիրներ և միևնույնն է՝ վերահսկողը հանձնաժողովի անդամն է:
Նիկոլ Փաշինյանն արձագանքեց ասվածին։
«Նույն տրամաբանությամբ, մարդ կա՝ ասում է՝ ինձ մի նկարի, ընկերուհուս մի նկարի: Մարդ կա՝ ասում է՝ հարկ մի վերցրու, բայց վերցնում եք»,-ասաց նա և նշեց, որ այլ հարց է, եթե այնպիսի թանաք օգտագործվի, որը ջնջվում է:
Դավիթ Հարությունյանն ասաց, որ մարդիկ ուղղակի չեն գալու ընտրական տեղամասեր և գտնում է, որ այն մեխանիզմները, որոնք առաջարկվում են նախագծով, փակում են մտահոգությունները:



