Tert.am-ը գրում է.
Գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը Tert.am-ի հետ զրույցում ըստ շրջանների ներկայացրեց նախնական տեղեկություններ` հանրապետության տարածքում 2016թ մարտի 18-ի գիշերը գրանցված ցրտահարության հետևանքների մասին, այն է` ծիրանենու բերքի առավել վնասված հատվածներն ըստ շրջանների:
Դրանք են` Արտաշատի, Մասիսի, Էջմիածնի, Բաղրամյանի տարածաշրջանների որոշ հատվածներ:
Ծիրանենու այգիներում կատարված օպերատիվ ուսումնասիրությունների և նախնական դիտարկումների արդյունքում արձանագրվել է հետևյալ իրավիճակը:
Արարատի մարզ, Արարատի տարածաշրջան
Նկատելի վնասներ չեն դիտվել, որոշ համայնքներում առկա է թույլ կամ մասնակի վնասվածություն
Արտաշատի տարածաշրջան
Առկա է մասնակի վնասվածություն, առանձին համայնքներում` ուժեղ վնասվածություն
Մասիսի տարածաշրջան
Մասնակի վնասվածություն, իսկ «Զվարթնոց» օդանավակայանին հարակից համայնքներում՝ (ծիրանենին հիմնականում մշակվում է տնամերձ հողամասերում) ուժեղ վնասվածություն:
Արմավիրի մարզ, Էջմիածնի տարածաշրջան
Ուժեղ վնասվածություն (ծիրանենին հիմնականում մշակվում է տնամերձ հողամասերում):
Արմավիրի տարածաշրջան
Ուժեղ վնասվածություն
Բաղրամյանի տարածաշրջանի ներքին հատվածներ
Ուժեղ վնասվածություն:
Վայոց Ձորի մարզ, Եղեգնաձորի տարածաշրջան
Արենի գյուղում ուժեղ վնասվածություն, Ռինդում` մասնակի, մնացած համայնքներում՝ թույլ վնասվածություն:
Վայքի տարածաշրջան
Հիմնականում վնասներ չեն գրանցվել
Սյունիքի մարզ Մեղրու տարածաշրջան
Գրանցվել են դրական ջերմաստիճաններ, վնասներ չկան:
Տավուշի մարզ
Էական վնասներ չեն արձանագրվել:
Գառնիկ Պետրոսյանը հավելեց, որ ցրտահարության հետևանքով ծիրանենու այգիների վնասվածության և բերքի կորուստների վերաբերյալ ամբողջական և առավել ճշգրիտ տեղեկություններ հնարավոր կլինի ստանալ մեկշաբաթյա ժամկետում:
Նկատի ունենալով, որ Արարատյան դաշտում, Տավուշի, Վայոց Ձորի և Սյունիքի հովտային գոտիներում մարտի 19-ի գիշերը օդում հնարավոր է -2... -5 աստիճան, գետնի մակերևույթին` -3... -6 աստիճան ցուրտ, ուստի Գյուղնախարարությունը հետագա օրերի ընթացքում չի բացառում իրավիճակի փոփոխություն, որի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:



