Tert.am-ը գրում է.
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ԱԺ ճեպազրույցների ժամին նկատեց, թե թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար քաղաքական կամք է պետք, որն իշխանություն ունի, իսկ ԸՕ-ին պետք է աջակցի: «Ասել եմ ու ասում եմ, որ ԸՕ-ից բողոքում են այն քաղաքական ուժերը, որոնք որ հաշվարկել են իրենց ռեսուրսը և հասկացել են ու խիստ կասկածանք ունեն գալիք ընտրություններում իրենց հաջողությունների վրա: Հասկացել են, որ ոչ միայն չեն կարող լինել մեծամասնություն, այլև կասկածի տակ է խորհրդարան մտնելը, և դրա համար ամեն բան անում են: Պետք է քաղաքական կամք, և մենք պետք է հասնենք նրանք, որ ընտրությունները լինի թափանցիկ: ԸՕ-ն պետք է լինի այնպիսին, որ հաշվի առնվի ընդդիմության և հանրության առաջարկները, որպեսզի փարատվեն կասկածները»,-ասաց նա:
Հարցին, թե ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարն ինչպե՞ս է վարաբերում Հանրապետական պատգամավորներ Մանվել Գրիգորյանի, Առաքել Մովսիսյանի, Սամվել Ալեքսանյանի և Մհեր Սեդրակյանի օրենսդրական ինտելեկտին և արդյո՞ք նրանք տեղ կունեն հաջորդ խորհրդարանում, Բաղդասարյանը պատասխանեց. «Մենք այս հարցին միշտ անդրադարձել են և ասել ենք, որ մենք իրավունք չունենք որևէ մեկին մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին արգելել: Ժողովուրդը պետք է որոշի, թե ով պետք է լինի խորհրդարանում, թե ինչպիսի պատգամավոր պետք է լինի ԱԺ-ում: Որևէ մեկին ասել, թե դու իրավունք չունես մասնակցել ընտրությունների, կարծում եմ՝ այնքան էլ ճիշտ չէ: Ես այն կարծիքն եմ, որ խորհրդարանում չպետք է լինեն միայն տեսաբաններ, պետք է լինեն նաև ոլորտի մասնագետներ»,-ասաց նա և նշեց, թե, ըստ նրա, ԱԺ-ն պետք է խայտաբղետ լինի և լինեն նաև փորձով մարդիկ:
«Կան շատ խոսող պատգամավորներ և պատգամավոր, որոնք քիչ են խոսում, բայց շատ են հանդիպում իրենց ընտրազանգվածի հետ և բարձրացնում են հանրությանը հոզող հարցերն ու խնդիրները: Հանրության ճնշող մեծամասնությունը կողմ է ժողովրդին լսել ցանկացող պատգամավորներին»,- ասաց նա:
Անդրադառնալով ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և ՀՀԿ-ական պատգամավորներ Կարեն Ավագյանի և Առաքել Մովսիսյանի պահվածքին՝ Բաղդասարյանն ասաց. «Կան գրագետ բառապաշարով պատգամավորներ և կան պատգամավորներ, որոնք այդքան էլ հարուստ բառապաշար չունեն և այդ է իրենց լեքսիկոնը: Սակայն ես հորդորում եմ, որ մենք նման բառապաշարով խորհրդարանում չխոսենք և ԱԺ-ում շոուներ չսարքեն: Սակայն ես չեմ կարող բոլորին լռեցնել: Քննադատում եմ, սակայն մարժում եմ, որ միջադեպի կողմերն իրար արժանի էին խոսում: Ես ասելու եմ մեր պատգամավորներին, որ իրենք էլ իմանան Էթիկայի հանձնաժողովի և դատարանների տեղը, որ ոչ միայն պաշտպանվեն, այլ իրենք էլ դիմեն»:
Ի դեպ, ՀՀԿ-ական պատգամավորը նաև նշեց, թե ընդդիմության միասնական պորտֆելից չի վախենում, ավելի՝ նա հորդորում է խմբակցության ներսում լինել միասնական:



