Tert.am-ը գրում է.
ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի պնդմամբ՝ օրակարգի գլխավոր հարցը հայ ժողովրդի համար այն է, թե այս իշխանությունները կարողանալո՞ւ են վերարտադրվել, թե՞ չեն կարողանալու: ԱԺ ճեպազրույցների ժամին նա հավելեց, թե դա օրակարգային հարց է նաև ՀՀԿ-ի համար:
«Ինչո՞ւ ենք մենք համարում այս իշխանություններից ազատվելն ամենակարևոր խնդիրը, որովհետև այս նիստում մենք կարողացանք ծանոթանալ երկու կարևոր զեկույցների հետ՝ ՀԾԿՀ-ի և ՏՄՊՊՀ-ի։ Դա մեզ առիթ ծառայեց վերլուծել իրավիճակը ստեղծված սպառման շուկայում և եզրակացության գալ, որ միանշանակ գազի, էլէներգիայի հարցով ակնհայտ է, որ հանձնաժողովն այնպիսի մեթոդաբանություն է կիրառում, որ երաշխավորված շահութաբերություն է հաշվարկվում ցանկացած իրավիճակի համար: Մեր եզրակացությունը հետևյալն է, որ այսօր կարելի է 25%-ով իջեցնել գազի և էլէնեգիայի գները»,-ասաց նա և նշեց, թե այս գների նվազեցումը լինելու է ՀԱԿ-ի գլխավոր նախընտրական խոստումներից:
Ըստ նրա՝ նույնը վերաբերում է լայն սպառման ապրանքներին, այդ թվում նաև բենզինի գնին:
«Բնակչությունը շատ արագ կզգա փոփոխությունը, միգուցե 25%-ով, կամ 30%-ով, չեմ բացառում, որ ապրանքներ կան, որոնք 40%-ով, միայն թե քանդվի մենաշնորհային համակարգը, որը քանդում է տնտեսությունը։ Բայց այս ամենի համար պետք է թույլ չտալ, որ ՀՀԿ-ականները ևս մեկ անգամ մերժեն ժողովրդի կամարտահայտությունը»,-ասաց նա:
Անդրադառնալով ԸՕ-ի նախագծին՝ Զուրաբյանը նշեց, թե անհրաժեշտ է այնպիսի ԸՕ-ի հաստատում, որը կապահովի լրջագույն հասարակական քաղաքական ուժերի վերահսկողություն:
«Այս առումով կարևորագույն խնդիրը, որ դրված է ընդդիմադիր ուժերի, քաղաքացիական հասարակության առջև, դա միասնական պլատֆորմի ստեղծումն է»,-ասա նա: Զուրաբյանը տեղեկացրեց, որ ինտենսիվ հանդիպումներ են լինում և քաղաքացիական հասարակության հետ և քաղուժերի հետ:
«Համատեղ հանդիպումներ են լինում, և դրանց արդյունքում ձևավորում է այդ միասնական պլատֆորմը: Արդեն Հայկական վերածնունդն էլ է միանում այդ պլատֆորմին, ուրախ ենք ցանկացած քայլի համար, որ տանում է կոնսոլիդացիայի»,-ասաց նա և հավելեց, թե ամենաշատը կուրախանան, որ ՀՀԿ-ն էլ միանա:



