Tert.am-ը գրում է.
Այս գիշեր հանրապետության հովտային գոտիներում, այդ թվում` Արարատյան դաշտում, կրկին գրանցվել են ցրտահարություններ: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը և նշեց, որ օդի նվազագույն ջերմաստիճանը լուսադեմին ունեցել է հետևյալ ցուցանիշները. Արմավիրում -5, Մերձավանում -7,2, Արտաշատում -3, Արարատում -1,5, Ուրցաձորու -7, Աշտարակում -5, Երևանում -3…-5, Արենիում -5, Բագրատաշենում -4, Իջևանում -2, Կապանում -3 աստիճան ցուրտ: Բացառություն է կազմել Մեղրին, որտեղ բացասական ջերմաստիճան չի գրանցվել:
«Մարտի 19-ի գիշերը հանրապետության տարածքում անտիցիկլոնի ազդեցությունը կպահպանվի, սակայն կնկատվի ամպամածության որոշակի ավելացում, ինչի հետևանքով օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով»,-ասաց նա:
Նա նաև տեղեկացրեց, որ առաջիկա գիշերն Արարատյան դաշտում, Վայոց Ձորի, Տավուշի և Սյունիքի հովտային գոտիներում օդում սպասվում է -2...-5, հողի մակերևույթին -3...-6 աստիճան ցուրտ:
«Մարտի 20-ին հանրապետության տարածքին մոտենում է հաջորդ ցիկլոնը, հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում կտեղա ձյուն, հովտային գոտիներում անձրև և ձնախառն անձրև, մարտի 21-ին տեղումները կդադարեն»,-եզրափակեց նա:



