Հատկապես յուղոտ սնունդը աղը դարձնում է ավելի համեղ և հանգեցնում այն չափից շատ ուտելու՝ եզրակացրել են ավստրալացի գիտնականները:
Դիքինի համալսարանի գիտնականների հետազոտությանը, որի արդյունքները հրապարակվել են Chemical Senses ամսագրում, մասնակցել է 18-54 տարեկան 49 առողջ կամավոր: Մասնակիցներին խնդրել են փորձել լոլիկով ապուրի նմուշներ, որոնք տարբերվել են ճարպի և աղի պարունակությամբ, և գնահատել դրանք:
Պարզվել է՝ աղը հիմնական դեր ունի ապուրի համը հաճելի դարձնելու ընկալման վրա, իսկ ճարպի քանակը մթերքում առանձնակի չի ազդում համի վրա: Միաժամանակ, եթե ապուրի մեջ աղ չի եղել, ճարպի համի նկատմամբ ավելի զգայուն մասնակիցները նախընտրել են պակաս ճարպոտ նմուշները: Եթե ապուրի մեջ աղ չի ավելացվել, ճարպի նկատմամբ զգայնությունը նվազել է, և մասնակիցներն ընտրել են ավելի ճարպոտ մթերքը: Գիտնականները եզրակացրել են, որ աղի համը քողարկում է ճարպը:
Մեկ այլ՝ 6 օր տևած հետազոտության ընթացքում, որի արդյունքները հրապարակվել են Journal of Nutrition ամսագրում, 48 մասնակիցներ ճաշին կերել են արգանակով մակարոն: Արգանակը պարունակել է ճարպի և աղի տարբեր խտություններ: Պարզվել է՝ եթե արգանակում քիչ աղ է եղել, բայց շատ ճարպ, մասնակիցները 11%-ով պակաս սնունդ են կերել, քան երկու բաղադրիչի միջին քանակի դեպքում: Եթե ճարպոտ արգանակը շատ աղ է պարունակել, կերածի քանակը կտրուկ ավելացել է՝ անկախ ճարպի համի նկատմամբ մասնակիցների զգայունության մակարդակից:



