ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը թվարկել է ԱՄն գլոբալ անվտանգությանն ուղղված հինգ սպառնալիքները՝ Ռուսաստան, Չինաստան, Հյուսիսային Կորեա, Իրան և միջազգային ահաբեկչություն:
Այս ցանկից երկուսը՝ Ռուսաստանը և Իրանը, մեր քաղաքական և հանրային /միջինացված/ գիտակցության մեջ ընկալվում են իբրև մեր անվտանգության եթե ոչ երաշխավոր, ապա առնվազն՝ ոչ սպառնալիք:
Մեր վիճակում, երևի, գլխավոր սպառնալիքը մեզ ուղղված սպառնալիքները հստակ չգիտակցելը, հստակ մարտավարություն և ռազմավարություն չձևակերպելն է:
Մենք ավանդաբար գիտենք թշնամու մեկ կերպար՝ թուրքը, բայց այդ սպառնալիքը խրախուսող-սնող, այդ սպառնալիքը ուժեղացնող մյուս սպառնալիքների հարցում մեր ՙբազմակարծությունը՚ արդեն քանի-քանի անգամ մեզ պարտության է տարել:
Կարող են տարբեր մոտեցումներ լինել՝ կարող ենք բնական դաշնակից համարել բարեկամ այն երկրներին, որոնց համար նույնպես Թուրքիան սպառնալիք է: Բայց կարող ենք նաև փնտրել դաշնակցությունը այն երկրների, որոնց համար Թուրքիան գործընկեր է. դա սպառնալիքը չեզոքացնելու եղանակներից կարող է լինել: Գուցե այդպես էլ վարվում ենք, բայց մեծ հաշվով՝ մեր քայլերն իրավիճակային են:
Մեր և Իրանի փոխադարձ բարեկամական ընկալումը վերջին տարիներին քանիցս արդարացվել է: Եթե Թուրքիայի և Ադրբեջանի հարցում մեր վերաբերմունքը բնականորեն միանշանակ է, ապա Ռուսաստանի հարցում չափազանց բարդ է՝ ի դեմս Ռուսաստանի տեսնում ենք թե անվտանգության երաշխավորի, թե սպառնալիքի/ կարևոր չէ՝ մեծ մասը, թե փոքր/: Գծագրվող Քրդական պետության հարցում վիճակն ավելի խճճված է՝ քրդերը մեր բնական դաշնակիցներն են մեր ոխերիմ թշնամու դեմ, բայց նրանց հաղթանակը մեր կրկնակի պարտությունը և անդարձ կորստի վավերացումը կլինի:
Կլինեն մարդիկ, ովքեր մեզ համար թիվ մեկ սպառնալիք կհայտարարեն ամենազոր ջհուդա-մասոնական գաղտնի ուժերին և հարցն, ուրեմն, փակված կհամարեն:
Եթե անկեղծ՝ թուրքերից ու մնացյալից առաջ՝ մեր թիվ մեկ սպառնալիքը մեր ներսում է, պետական մտածողության պակասորդի և համազգային գաղափարներ չփայփայելու մեջ է, ոսկե հորթին երկրպագողների անզգամության մեջ: Որպես մասնագետ ու մարդ կայանալու հնարավորությունների սղության մեջ: Արտագաղթը սիրո ու հույսի պակասից առաջ՝ ապրելու կենսաբանական պահանջի հետևանք է: Իր անձի, իր ընտանիքի դեմ ուղղված սպառնալիքից խուսափելու, փախչելու ելք: Երբ ազգային-համամարդկային-փիլիսոփայական հարցերը ետին պլան են մղվում: Ի վերջո, մարդկանց մեծ մասը ուզում է ոչ թե հերոս լինել, այլ ապրել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել