Հերթական անգամ ընդունվեց օրենք, որը պետք է բարդացնի մեր՝ ՀՀ քաղաքացիներիս կյանքը: Եթե անապահով խավը, որը բավականին մեծ թիվ է կազմում Հայաստանում, սուր ու անտանելի ցավերի ժամանակ իրեն գոնե թույլ էր տալիս գնալ ստոմատոլոգի մոտ ատամը հեռացնելու, ոչ բուժելու, ապա այժմ դրա հնարավորությունն էլ չի ունենա: 
Ըստ նախորդ տարեվերջին ընդունված հարկային փաթեթի՝ ստոմատոլոգիական կլինիկաները բացի արդեն իսկ բավական ծանր հարկ ու տուրքերից պետք է այսուհետ ամսական վճարեն նաև 60-100 հազար դրամ (կախված կլինիկայի գտնվելու վայրից) յուրաքանչյուր ստոմատոլոգիական աթոռի համար: Սա բավականին ծանր բեռ է, որին շատերը չեն դիմանա: Օրինակ՝ 3 ստոմատոլոգիական աթոռ ունեցող կլինիկաները, որոնք մի կերպ էին դիմակայում հարկային բեռին, արդեն ստիպված կլինեն ամսական 300 հազար դրամ էլ միանվագ մուծել պետությանը: Սա կհանգեցնի նրան, որ շատ կլինիկաներ կփակվեն, շատ ստոմատոլոգներ կդառնան գործազուրկ, ստոմատոլոգիական միջամտությունները էապես կթանկանան, ստոմատոլոգիական «բիզնեսն» էլ կանցնի որոշ պաշտոնյաների ձեռքը: Չգիտեմ՝ արդյոք պատահականությո՞ւն էր այն փաստը, որ այս օրենքի ընդունումը համընկավ նրա հետ, որ Արաբկիրում բացվեց առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի որդու ստոմատոլոգիական մեծ կլինիկան: Ի դեպ, խոշոր կլինիկաներին այս օրենքը ավելի մեղմ է վերաբերվում. իրենք պետք է մեկ աթոռի համար վճարեն ոչ թե 100 հազար, այլ 48 հազար դրամ: Հարց է առաջանում՝ ինչի՞: Ինչի՞ են ուզում իսպառ վերացնել մանր և միջին բիզնեսն այս երկրից: Ինչի՞ են շարունակում ավելի անտանելի պայմաններ ստեղծել ազգիս համար: Ինչի՞ են ուզում միայն իրենք ապրել… 
PS. Եվրոպական գնե՞ր եք ուզում բերել Հայաստան… Իսկ եվրոպական աշխատավարձ ու թոշակ բերե՞լ եք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել