Tert.am-ը գրում է.
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ դպրոցների տնօրենների հետ մարտի 18-ին կանցկացնի խորհրդակցություն, որին կմասնակցեն նաև մարզերի ուսումնական հաստատությունների տնօրենները:
Նախարարի խոսքով՝ խորհրդակցության ընթացքում կփորձեն քննարկել դպրոցների խնդիրները, առարկայական ծրագրերն ու անելիքները:
«Բոլոր քննարկումները հրապարակային են լինելու»,- ասաց նախարարը:
Լևոն Մկրտչյանը նշեց, որ ինքը ևս կարիք ունի լինելու դպրոցներում և գոնե շաբաթը մեկ անգամ առանց զգուշացման այցելելու է որևէ դպրոց: «Ոչ թե պատժիչ խնդիրների լուծման համար, այլ հասկանալու՝ ուսուցիչներին և ծնողներին հուզող խնդիրները: Կփորձենք ինչ-որ ձևով ձևակերպել բոլորիս՝ հանրակրթությանը հուզող հիմնահարցերը»,- ասաց Լևոն Մկրտչյանը:
Նախարարն ասաց, թե ուսուցիչներն ունեն սոցիալական մեծ խնդիրներ, ծնողները դժգոհում են, որ երեխաների ծանրաբեռնվածությունը մեծ է: Հետևաբար, նման խնդիրները պետք է քննարկեն խորհրդակցության ժամանակ:



