Tert.am-ը գրում է.
Ազգային ժողովը քննարկում է կառավարության կողմից ներկայացրած երկակի նշանակության ապրանքների արտահանման, ՀՀ տարածքով դրանց տարանցիկ փոխադրման ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Հիմնական զեկուցողն է ՀՀ կառավարության աշխատակազմի օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն ծրագրերի իրականացման գրասենյակի պետական հիմնարկի տնօրեն Արմեն Եղիազարյանը: Նա նշեց, որ այս նախագծային փաթեթով առաջարկում է երկակի նշանակության ապրանքների արտահանման, ՀՀ տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման համար անհատական և ընդհանուր թույլտվությունները տրամադրել հինգ տարի ժամկետով, ներկայումս երկու-երեք տարի է գործում:
«Մենք առաջարկում մեկանգամյա թույլտվությունների համար սահմանել մեկ տարվա գործողության ժամկետ, ներկայիս օրենսդրությունը թույլտվություն չի սահմանում»,-ասաց նա:
Արմեն Եղիազարյանը պարզաբանեց, թե երկակի նշանակության ապրանք կամ տեղեկատվությունն այն է, որը կարող է իրականացվել քաղաքացիական և զինվորական կամ անվտանգության նպատակով, և կան այդ ապրանքների հատուկ ցանկեր, որոնք պետության կողմից ֆիքսված է:
Նա նշեց, որ ընկերություններին նման գործունության համար տրամադրվում է ոչ թե լիցենզիա, այլ՝ թույլտվություն, և իրենք պարզեցման են գնացել ոլորտում ու հանել են հաշվետվության պահանջը, որը ոչ մի տեղ որոշում ընդունելիս չէր օգտագործվում:
«Մենք փորձեցինք թեթևացնել այն մարդկանց կյանքը, ովքեր զբաղվում են այդ գործունեությամբ»,-ասաց նա և նշեց, որ դրանով մարդկանց ժամանակն է բավականին խնայվում:



