14Araratnews.am-ը գրում է.

Հայաստանում ՄԻԱՎ վարակի առաջին դեպքը գրացվել է 1988 թվականին: Նույն թվականից մինչև 2016 թվականի փետրվարի 29-ը ՄԻԱՎ վարակ ախտորոշում է ստացել 2279 ՀՀ քաղաքացի:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՄԻԱՎ վարակի մասին խոսեց  ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի համաճարակաբանական հսկման բաժնի բժիշկ համաճարակաբան Վարդան Արզաքանյանը.«Վարակվածների մեջ գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները՝ 69 %, ովքեր հիմնականում 25-39 տարիքային խմբի մարդիկ են՝ 52%: Փոխանցման հիմնական ուղին կին-տղամարդ սեռական հարաբերություններն են՝ 65%, հաջորդը թմրամիջոցն է՝ ներարկային օգտագործմամբ»,-նշեց համաճարակաբանը և հավելեց, որ 42 դեպք կա երեխաների շրջանում, իսկ հիվանդներից 510-ն  արդեն մահացել են:

Այս թվերից բացի, որոնք ախտորոշված հիվանդներն են, գոյություն ունեն նաև հաշվարկային տվյալներ, որոնք իրական պատկերն ավելի լավ են ցույց տալիս.«Ըստ հաշվարկային տվյալների՝ ներկայումս Հայաստանում ապրում է 3800 ՄԻԱՎ վարակով հիվանդ մարդ, այսինքն՝ նրանց կեսից ավելին ախտորոշված չէ և  չգիտի իր կարգավիճակը»:

Ինչ վերաբերում է մարզերին, որտեղ ամենաշատ դեպքերն են արձանագրվել՝ բանախոսի հավաստմամբ՝ առաջին տեղում Շիրակի մարզն է, երկրորդում՝ Լոռու մարզը, որին հաջորդում է Գեղարքունիքի մարզը.«Այդ երեք մարզերում են ավելի շատ, որովհետև մեզ մոտ հենց այդ մարզերից է միգրացիան շատ: Մեզ մոտ աշխատանքային միգրացիան հիմնականում ուղղված է դեպի Ռուսաստան, իսկ այնտեղ տարածվածությունը չորսից-հինգ անգամ ավելի շատ է, քան Հայաստանում»:

Համաճարակաբանը նաև նշեց, որ միգրանտենրը հիմնականում տղամարդիկ են՝ առանց ընտանիքի, առանց կանանց, կամ իրենց մշտական զուգընկերների.«Մեզ մոտ գրանցված դեպքերի մեծ մասը արտերկրում վարակված դեպքերն են: Վարակի 70 տոկոսը կապ ունի միգրացիոն գործոնի հետ, այսինքն մոտ 57 տոկոսը դրանք հենց այն մարդիկ են, ովքեր վարակվել են արտերկրում, մնացած 13 տոկոսը՝ անմիջական նրանց զուգընկերներն են»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել