ՊԵԿ-ի պետիի փոփոխությունից անմիջապես հետո, տեղեկատվական դաշտում իսկական արշավ է սկսվել՝ այսպես կոչված «կարգոների» լոբբիզմնա ապահովելու անթաքույց միտումով։ Հիշեցնեմ, որ մաքսատներին կից գործում են այդ ընկերությունները, որոնք ըստ էության կոռուպցիան լեգալ մակարդակի են հասցրել ու հսկայական շահույթներ են ստանում։
Մեխանիզմն այսպիսինն է․ քաղաքացին ինչ որ ապրանք է ներկրում ու ավելորդ բյուրոկրատական քաշքշուքից խուսափելու համար՝ օրինական վճար է անում կարգոյին, որը հանձն է առնում կազմակերպել մաքսազերծման ողջ գործընթացն ու դրա թղթաբանությունը։ Ասում են, որ եթե խոսքը ապրանքի խոշոր խմբաքանակների մասին է՝ առանձին վճարի դիմաց կարգոները կարողանում են շնորհիվ իրենց «կապերի», հատովվ մաքսազերծման ենթակա ապրանքատեսակները մաքսազերծել քաշով, ինչը էապես նվազեցնում է դրանց ինքնարժեքը։
Հիմա էլ մամուլում հանդիպում ենք հոդվածների, որոնք աղիողորմ հեծկլտոցով պատմում են, թե ինչ անելանելի դրությունում են հայտնվել «կարգոները» ու ինչ ռիսկերով է հղի ստեղծված կացությունը։ Ասեմ, որ շատ ապոկալիպտիկ հեռանկարներ են փորձում մատուցել մեզ։ Մինչդեռ, սա ոչ այլ ինչ է, քան կոռուպցիայի գովերգում։
Ինչո՞ւ պետք է քաղաքացու համար մաքսազերծումն այնքան բարդ ու պղտոր պրոցեսս լինի, որ մարդը գերադասի հավելյալ գումարի դիմաց դա վերահանձնել ինչ որ մասնավոր ընկերության։ Ինչո՞ւ պետք է այդ մասնավոր ընկերությունն ունենա այնպիսի արտոնություններ, որոնք թույլ են տալիս դե ֆակտո օրենք շրջանցել ու հատով մաքսազերծվող ապրանքը քաշով մաքսազերծի։ Ու որ առավել տարօրինակ է, ինչո՞ւ պետք է հանրությունը փորձի սատար կանգնել, այդ կիսալեգալ գործողություններով հարստացող կառույցներին։
Մեզ կարգոներ պետք են։ Մեզ պետք է թափանցիկ ու արդյունավետ գործող ՊԵԿ-ի համակարգ, որտեղ բյուրակրատիան ու կոռումպացվածությունը այնքան սարսափելի չեն լինի, որ մարդիկ մի չարիքից՝ մյուսի գիրկն իրենց նետեն։ Բերեք պայքարենք հենց դրա համար, իսկ եթե ՊԵԿ նոր պետը այնպիսի քաղաքականություն է վարում իր գերատեսչությունում, որ կարգոները անգործ են մնացել, ապա դա միայն հօգուտ այդ պաշտոնյայի է խոսում։