Tert.am-ը գրում է.

Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդարանից Մայր Աթոռ Ս. Էջմիածին տեղեկացվել է, որ մարտի 15-ին, կյանքի 81-րդ տարում, վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ. Դավիթ արքեպիսկոպոս Սահակյանը. տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։


Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը խորապես ցավում և սգում են բարեհիշատակ Դավիթ Սրբազանի վախճանը:


Մարտի 21-ին Լիոնի Ս. Հակոբ եկեղեցում կկատարվի հանգուցյալ Սրբազան Հոր վերջին օծումը, ապա հուղարկավորության արարողությունը:


Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի:

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ

Տ. Դավիթ արքեպիսկոպոս Սահակյանը ծնվել է 1935 թ. Երուսաղեմում: Նախնական կրթությունը ստացել է Երուսաղեմի Թարգմանչաց վարժարանում և իտալական «Տերրա Սանտա» քոլեջում:


1951-1957 թթ. սովորել է Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանում:


1957 թ. ձեռամբ Գերաշնորհ Տ. Տիրան արքեպիսկոպոս Ներսոյանի ձեռնադրվել է կուսակրոն քահանա:


1957-1960 թթ. վարել է տպարանի և Գյուլբենկյան մատենադարանի տեսչությունները, միաժամանակ դասավանդել Ժառանգավորաց և Թարգմանչաց վարժարաններում:


1960 թ. նշանակվել է Ամմանի (Հորդանան) հոգևոր հովիվ և Հեթումյան վարժարանի տեսուչ:


1960 թ. ձեռամբ Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Եղիշե արքեպիսկոպոս Տերտերյանի ստացել է մասնավոր վարդապետության 4 աստիճանները:


1965 թ.Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ ստացել է ծայրագույն վարդապետության աստիճան:


1964-1973 թթ. եղել է Լիոնի և շրջակայքի հոգևոր հովիվը:


1973-1976 թթ. եղել է շվեյցարահայ համայնքի հոգևոր հովիվը:


1976 թ. ձեռամբ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի ստացել է եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում, ապա նշանակվել Կենտրոնական Ֆրանսիայի հայրապետական պատվիրակի փոխանորդ:


1980 թ. նշանակվել է Հարավային Ամերիկայի կաթողիկոսական պատվիրակ:


1983-1985 թթ. ծառայել է Գերմանիայի հայկական համայնքում:


1986-88 թթ. ծառայել է Փարիզի Ս. Հովհաննես Մկրտիչ հայկական եկեղեցում:


1988 թ. վերադարձել է Երուսաղեմ և նշանակվել է Սուրբ Աթոռի դիվանապետ և ընծայարանի դասախոս:


1990 թ. ընտրվել է Սուրբ Աթոռի լուսարարապետ և միաժամանակ վարել կրթական ու վարչական պաշտոններ:


1991 թ. Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից արժանացել է արքության պատվին:


1997 թ. վերադարձել է ծառայության Լիոն:


1979 թ. Ֆրանսիական կառավարության կողմից ստացել է «Ակադեմիական արմավենի» շքանշանի ասպետի աստիճան:


1997 թ. քահանայական ձեռնադրության քառասնամյակի առթիվ ստացել է Արժանիքների ազգային շքանշանի ասպետի աստիճան:


Վերջին տարիներին Դավիթ Սրբազանը, վաստակյալ հանգստի կոչված լինելով, իր հոգևոր ծառայությունը շարունակում էր բերել Մայր Աթոռ Ս. Էջմիածնում և Ֆրանսիայի հայոց թեմում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել