Tert.am-ը գրում է.

Հանձնաժողովի տեղերը «Հայ ազգային կոնգրես» կուսակցությանը չեն: Լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին ուղված նամակին, որով առաջարկում է Հրազդանի քաղաքապետի առաջիկա ընտրությունների ժամանակ ընտրատեղամասերում ՀԱԿ խմբակցության կողմից ընտրական հանձնաժողովների անդամ նշանակել «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Սասուն Միքայելյանի կողմից առաջադրված անձանց:


«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ տեղամասային ընտրական հանձնաժողովներում նշանակումներ կատարում են կամ խմբակցություն ձևավորած կուսակցությունները, կամ դաշինքի դեպքում նշանակումները կատարում են խմբակցությունները: Հիմա Սասուն Միքայելյանը ՀԱԿ-ի նախընտրական ցուցակի 13-րդ հորիզոնականում է: Խմբակցության յոթ անդամներից չորսը կողմ են արտահայտվել, որպեսզի այդ որոշումը կայացվի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ խոսքը Լյուդմիլա Սարգսյանի, Հրանտ Բագրատյանի, Ստեփան Դեմիրճյանի և իր մասին է:


Նիկոլ Փաշինյանը շեշտեց, թե իր պահանջը օրենքի շրջանակներում է, ուստի զիջման մասին խոսք գնալ չի կարող:


Ինչ վերաբերում է մամուլի հրապարակումներին, թե ՔՊ կողմից Հրազդանում առաջադրված թեկնածու Սասուն Միքայելյանը նախագահականից «դաբրո»ունի, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց այսպես. «Բոլոր նրանք, ովքեր «Քաղաքացիական պայմանագրի» գործունեությունը կփորձեն ընկալել, մեկնաբանել այդ բառապաշարի տիրույթում, իրավիճակը կամ սխալ են գնահատում, կամ սխալ են ընկալում: Ովքեր նման կատեգորիաներով են ընկալում իրավիճակը, սխալ են գնահատում մեր գործունեությունը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել