Panorama.am-ը գրում է.
Քաղաքապետարանում այս պահին պարզում են, թե որ շինարարական կազմակերպությանն է վստահված եղել այս գիշեր փլուզված հենապատի կառուցումը:
Panorama.am-ի հետ զրույցում քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանըհայտնեց, որ խոսել է դեպքի վայրում եղած փոխքաղաքապետ Կամո Արեյանի հետ, հանձնարարվել է փաստաթղթերն ուսումնասիրել՝ պարզելու շինկազմակերպության անունը:
Քաղաքապետարանից խոստացան գործն ավարտելուն պես հրապարակել կազմակերպության անունը:
Հիշեցնենք, որ այսօր գիշեր Ազատության պողոտա թիվ 1/21 շենքի դիմաց մոտ 15մ երկարությամբ և 8մ բարձրությամբ բետոնե հենապատը փլուզվել է և թափված հողազանգվածի հետ փակել Սարալանջի պողոտայի երթևեկելի հատվածը:
Փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Խանգելդյանը, ով ժամեր շարունակ եղել է դեպքի վայրում, Panorama.am-ի հետ զրույցում թվարկեց այն հնարավոր սխալները, որոնք կարող էին փլուզման պատճառ դառնալ:
«Պատճառները կարող են շատ լինել՝ կոնստրուկցիաների նախագծման ու կառուցման փուլում կատարած սխալները, փլուզման պատճառ կարող էր դառնալ նաև գերխոնավացումը, չի բացառվում նաև մարդկային գործոնը»,-ասաց ԱԻՆ պաշտոնյան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



