Tert.am-ը գրում է.
Ինչ է լինելու այն գումարների հետ, որոնք արդեն իսկ ԵԱՏՄ երկրներից ավտոմեքենաների ներմուծումից ավելացված արժեքի հարկերի տեսքով գանձվել են քաղաքացիների կողմից (միայն 2014-ի դեպքում խոսքը 44 միլիարդի մասին է):
«Ինչո՞ւ է Հայաստանը հրաժարվում ԵԱՏՄ երկրներից ավտոմեքենաների ներմուծումից Ավելացված արժեքի հարկ գանձելու պրակտիկայից» թեմայով քննարկմանը, պատասխանելով այս հարցին, ԱԺ տնտեսական հանձնաժողովի փորձագետ Մարիամ Ավետիսյանը նկատեց, որ մեխանիզմներից միակը հետադարձ ուժով տրամադրման մեխանիզմն է:
«Սակայն, կարծում եմ, սա իրոք գործադիրի որոշման խնդիրն է, քանի որ այստեղ լուրջ հաշվարկներ են անհրաժեշտ»,-ավելացրեց Մարիամ Ավետիսյանը՝ տեղեկացնելով նաև, որ 1-ից 2-րդ ընթերցում ընկած ժամանակահատվածում որևէ պատգամավորից` քաղաքացիներին այս գումարները փոխհատուցելու որևէ առաջարկ չի եղել:
Միայն պատգամավոր Միքայել Մելքումյանն ու Վարդան Այվազյանն են խմբագրական ուղղումներ մտցրել, որպեսզի օրենքը հնարավորինս շուտ մտնի ուժի մեջ:
Հիշեցնենք, որ օրենքի նախագիծն այսօր պետք է այսօր ԱԺ-ի կողմից քվեարկվի 2-րդ ընթերցմամբ:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետը հստակեցրեց, որ օրենքի նախագիծը վերաբերում է ֆիզիկական անձանց կողմից միայն մեկ ավտոմեքենայի ներկրման դեպքում 20 տոկոսանոց ԱԱՀ-ն չհարկելուն, քանի որ 2 և ավելի ավտոմեքենաների դեպքում դա համարվում է արդեն ձեռնարկատիրական գործունեություն:
«Եվ այս կարգավորումը զուտ այն ֆիզիկական անձանց համար է, որոնք անձնական նպատակով Մաքսային միության սահմանից կներմուծեն մեքենաներ, նախագծի բուն կարգավորման նպատակը սա է եղել»,-հստակեցրեց փորձագետը:



