Ֆուտբոլի Իսպանիայի առաջնությունը հասավ իր հասարակածին:  2012/2013 մրցաշրջանը կիսվեց 2 մասի, ինչը նշանակում է, որ եկել է ճիշտ ժամանակը վերլուծելու եւ վերհիշելու Լա Լիգայի առաջին 19 տուրերը: Սկսենք նրանից, որ 2011/2012 մրցաշրջանի ավարտին, երբ հայտնի դարձավ, որ կապտանռնագույնների հետ 4 տարում 16 հնարավորից 14 տիտղոս նվաճած Խոսեպ Գուարդիոլան գալիք մրցաշրջանում չի մարզելու «Բարսելոնան», բոլորը, այսինքն՝ թե՛ մասնագետները, թե՛ ֆուտբոլիստները եւ ուղղակի մեծ ֆուտբոլի երկրպագուները միակարծիք էին նոր մրցաշրջանի տրիումֆատորի անունը տալիս:  Չէ՞ որ, եթե «Ռեալը» 2011/2012 մրցաշրջանի վերջնահատվածում  կարողացավ հաղթել, երկար ժամանակ իր երկրպագուներին մեծ դառնություններ պատճառող ախոյանին, ապա ըստ տրամաբանության նշված մրցակցի` գլխավոր մարզչի հեռանալուց հետո, դա պետք է էլ ավելի հեշտ ստացվեր: Այս վարկածի հավանականությունն էլ ավելի մեծացավ, երբ հայտնի դարձավ՝ Պեպին փոխարինելու է ոչ թե ինչ-որ հայտնի եւ հնչեղ անուն (օրինակ`Վենգեր, Կոնտե կամ Անչելոտի), այլ ընդամենը Գուարդիոլայի օգնական` նախկինում, ի տարբերություն Սանպեդորացի տղայի, որպես ֆուտբոլիստ որեւիցե լուրջ հաջողության չհասած` Տիտո Վիլանովան: «Ո՞վ է նա, - ասում էին բոլորն այդ ժամանակ, - Մոուրինյոն անգամ չի նկատի այս դեղնակտուցին, ավարտվեց «Բարսելոնայի» էրան, սկսվում է նոր ժամակաշրջան, որը բնորոշվելու է նոր անունով` Մադրիդի «Ռեալ»»: Իհարկե, գորգոռուն այս արտահայտությունների հեղինակները հիմնականում արքայական ակումբի երկրպագուներն էին, սակայն անգամ Բարսայի երկրպագուներից շատերն այդ ժամանակ, մեղմ ասած, լուրջ մտավախություն ունեին, որ իրենց սիրելի թիմն այլեւս նախկինը չի լինի: Իսկ հիմա ետ վերադառնանք մեր օրեր: Եվ ի՞նչ: Իսպանիայի սուպեր գավաթի խաղում` Էլ Կլասսիկոյի ժամանակ, «Բարսելոնան» հավասար պայքար առաջադրեց «Ռեալին» եւ եթե չլինեին, արդեն վաղուց իրեն սպառած եւ միայն իր թիմի գերհարձակողական ֆուտբոլի շնորհիվ սեփական դարպասին քիչ հարվածներ ստանալու շնորհիվ անգործ մնացած, Վիկտոր Վալդեսի մանկական սխալները, ապա Վիլանովան անգամ կարող էր իր առաջին Էլ Կլասսիկոյում, ընդհանուր հաշվարկով հաղթող դուրս գար: Արդյունքում` եղավ այն, ինչ եղավ, իսկ հետո…

http://www.youtube.com/watch?v=jhnoouHiBi0

Հետո, ինչպես եւ կանխատեսվում էր, առաջնության առաջին հատվածում մեկ թիմ իրեն գրեթե ապահովեց չեմպիոնությունը: Սակայն հակառակ այդ կանխատեսումներին այդ թիմը «Ռեալը» չէր: «Բարսելոնան» Պրիմեռայի առաջին 19 խաղերում տարավ 18 հաղթանակ (դժվար չէ գուշակել, թե որն է այն թիմը, ում «Բարսելոնան» չկարողացավ հաղթել) եւ փաստացիորեն մինչ առաջնության երկրորդ հատվածը ուղղակիորեն ոչնչացրեց ինտրիգը՝ զգալիորեն գերազանցելով Մադրիսյան ակումբին: Ավելին, մադրիդյան այդ ակումբը «Ռեալը» չէ, որն անգամ 2-րդը չէ՝ զիջելով համաքաղաքացի աթլետներին եւ միայն դույզն-ինչ գերազանցելով Մալլագային: Սա ոչ ավել, ոչ պակաս «Բարսելոնայի» բոլոր ժամանակների լավագույն մեկնարկն է առաջնությունում: Եվ ո՞ւր են այն մարդիկ, ովքեր ընդամենը 5 ամիս առաջ անում էին վերը նշված կանխատեսումները: Արդարության դեմ չմեղանչելու համար պետք է նշեմ, որ ես եւս «Ռեալի» հաղթանակը կանխատեսողների թվում էի: Սակայն, առողջական խնդիրների պատճառով թիմային կամրջակը որոշակի ժամանակահատվածով լքած Վիլանովայի համար ամենավատն այն է, որ այժմ, եթե ոչ բոլորը, ապա կանխատեսումներ կատարած շատերը Բարսայի նման տրիումֆը բացատրում են ամեն կերպ, բացի Վիլանովայի լավ մարզիչ լինելուց: Բարձրաձայնվում են 2 հիմնական պատճառներ, առաջինը, որ այս տղաներին (Չավի, Ինյեստա, Մեսսի) ընդհանրապես մարզիչ պետք չէ: Եվ երկրորդը, որ «Ռեալի» ներսում տիրող լարված իրավիճակն է խանգարում արքայական ակումբին արժանի մրցակցություն ցուցադրել հավերժ հակառակորդին: Երկրորդ տարբերակն անմիաջապես բացառում ենք, քանի որ որքան էլ Կասսիլյասն ու Մոուրինյոն միմյանց միս ծամեն, որքան էլ վերջինս իր սաներից երեքին սեւ ոչխար անվանի, որքան էլ Կրիշտիանուն աշխատավարձի բարձրացման փորացավով հայտարարի, որ իրեն երջանիկ չի զգում թիմում, դրանով կամա-ակամա թեւաթափ անելով թիմակիցներից շատերին եւ ինչ էլ ավելի վատ է՝ երկրպագուներին, միեւնույն է «Բարսելոնայի» առաջնությունում գլխավորելը պայմանավորված չէ «Ռեալի» անհաջողություններով, քանի որ թիմը, անկախ «Ռեալի» վատ կամ լավ խաղալուց, հաղթել է առաջնությունում անկցկացրած հանդիպումների ավելի քան 94%-ում, ինչը, կրկնվենք, որ դեռ չի եղել պատմության մեջ: Մնում է առաջին տարբերակը, այն է` որ կատալոնական ակումբում խաղացող հանճարներին ընդհանրապես մարզիչ պետք չէ: Եթե դա այդպես է, ապա ինչո՞ւ 2000-ականների կեսերի Մադրիդի «Ռեալը»՝ իր այդ ժամանակվա կազմով (Ռաուլ, Ֆիգո, Զիդան, Ռ.Կառլոս, Ռոնալդո, Բեքհեմ, Վան Նիսթելռոյ, Օուեն), գրեթե ոչ մի տիտղոս չնվաճեց: Բավական չէ, միայն լավ ֆուտբոլիստներով համալրված լինել, պետք է կարողանալ նաեւ նրանց համախմբել եւ ճիշտ դիրքերում օգտագործել: Գուարդիոլան կարողացավ դա անել եւ ի տարբերություն «Ռեալի»՝ այդ տարիների մարզիչներից շատերի, համարձակվեց շատ հեղինակությունների աչքերին նայելով ասել, որ նրանք իրեն հարկավոր չեն եւ ի տարբերություն շատ մարզիչների՝ պահեստայինների նստարանը չերկարացնելով, ազատ արձակեց նրանց: Պեպը կարողացավ ճիշտ շարունակել Ֆրանկ Ռայկարդի քաղաքականությունը՝ նրան ավելացնելով նոր շտրիխներ: Թիմից հեռացան Դեկուն, Էտո`օն, Վան Բրոնքհորստը եւ Ռոնալդինյոն, սակայն Պեպը նրանց դիրքերում գտավ այլ ֆուտբոլիստների (Ինյեստա, Վիլյա, Բուսքեթս եւ Մեսսի), որոնք հենց Պեպի շնորհիվ սկսեցին էլ ավելի լավ համագործակցել միմյանց հետ, եւ ի տարբերություն Ռայկարդի սխեմայի՝ այս սխեման իրեն չսպառեց ընդամենը 2 տարում, այլ շարունակում է աշխատել, նաեւ մարզչի հեռանալուց հետո:  Եվ իրոք, Պեպի հեռանալուց հետո ոչ ոքի չզարմացրեց, որ թիմը շարունակեց հաղթել առաջին հանդիպումներում: Այդ ժամանակ բոլորը դա իներցիա անվանեցին՝ համոզված լինելով, որ այդ ընթացքը դանդաղելուց հետո միայն կերևա Վիլանովայի ձեռագիրը: Այդ ընթացքի վերջը մենք տեսանք Չեմպինների Լիգայի` Սպարտակի հետ տնային խաղում: Թիմը հաջողացրեց բաց թողնել առավելությունը եւ 1:0 հաշվով հաղթելուց հետո պարտվում էր 1:2 հաշվով, եւ երբ այդ ժամանակ պետք է երեւար Տիտոյի հանճարը, երբ տեսախցիկները նրա ուղղությամբ էին գամված, երբ բոլորը Տիտոյից սպասում էին վճռական գործողություններ, ողջ աշխարհը տեսավ միայն նրա հուսահատ հայացքը: Ճիշտ է, նա ցուցումներ տալիս էր խաղացողներին, բայց թվում էր, թե նրա տված միակ ցուցումը հետեւյալն է` տվեք գնդակը Մեսսիին, նա մի բան կանի: Արդյունքում այդ բանը Լեոն արեց, ում 2 գոլերի շնորհիվ էլ «Բարսան» հաղթեց մոսկվացիներին: Դրանից հետո թիմը գործում էր գրեթե նույն սկզբունքով, ինչի արդյունքը դարձավ Մեսսիի 4-րդ անընդմեջ ոսկե գնդակը: Ճիշտ է, ի տարբերություն Գուարդիոլայի, Վիլանովան առայժմ ոչ մի նորամուծություն չի ներմուծել թիմի խաղի մեջ, բայց նա գոնե կարողանում է պահել Գուարդիոլայի ներդրած նվազագույն սկզբունքները, որոնց շնորհիվ էլ առայժմ հաղթում է: Եվ դրա համար պետք չէ քար նետել Տիտոյի վրա, քանի նրա ներկայիս առողջական վիճակում դա առավելագույնն էր, որ նա կարող էր հասցներ անել, քանի որ դեռ պարզ չէ, թե արդյոք նա կկարողանա մյուս տարի շարունակել իր աշխատանքը, եւ հետեւաբար արդյոք Գուարդիոլան, վերադառնալով մարզչական աշխատանքի, այլ ակումբ կգլխավորի: 2 բառ նաեւ Մադրիդի «Ռեալի» մասին: Պատմությունը ցույց է տվել, որ այս թիմը միշտ ավագով է խաղացել եւ նրանով է ուժեղ եղել, անկախ այն փաստից, թե որ դիրքում է ավագի թեւկապ կրողը հանդես գալիս: Ժամանակին դա Հիերրոն էր, հետո Ռաուլը, հիմա Կասսիլյասը, տարիներ անց դա գուցե Սերխիո Ռամոսը լինի: Այդ ավագը միշտ իր ծանրակշիռ խոսքն է ունեցել ոչ միայն գլխավոր մարզչի, այլ նաեւ ակումբի ղեկավարության մոտ: Եվ այն, որ Մոուրինյոն, չգիտակցելով այդ ամենը, դուրս է եկել Կասսիլյասի դեմ, իրավիճակը միայն էլ ավելի է բարդացնում: Ապացույցը կարող եք տեսնել՝ բացելով Լա Լիգայի առաջնության մրցաշարային աղյուսակը: Իհարկե, Մոուրինյոն Կասսիլյասին միայն հերթական խաղացող է համարում: Եվ հենց այստեղ է, նրա սխալը: Այն, որ խաղացող է, դա ճիշտ է, բայց ոչ հերթական, քանի որ ես վստահ եմ, որ մադրիդցիների գրեթե ցանկացած երկրպագու ընտրության առջեւ կանգնելու դեպքում կընտրի Իկերին, այլ ոչ թե Ժոզեին: Իհարկե, Մոուրինյոյին էլ կարելի է հասկանալ, սա նրա հեղինակության հարցն է, եւ նա համարում է՝ խաղացողը իր տեղը պետք է իմանա մարզչի մոտ, սակայն կրկնվեմ՝ Իկեր Կասսիլյասը ուղղակի խաղացող չէ եւ նա, այս ակումբում անցկացնելով իր 2-րդ տասնամյակը, լիիրավ իրավունք ունի վրդովվելու, երբ տեսնում է, թե ընդամենը երեկ թիմ եկած մարդիկ ինչպես են փոխում թիմի մթնոլորտը, որը երկար տարիներ, անկախ հանդիպումների վերջում ցուցատախտակի վրա վառվող թվերից, միշտ էլ անսասանելի է եղել: Ես նաեւ վստահ եմ, որ «Ռեալի» երկրպագուի հավաքական կերպարն այժմ տեսնելով, թե ինչ է կատարվում իր սիրելի թիմում, եւ ով է իր թիմում խաղում 7 համարի մարզաշապիկով, անկախ այդ ֆուտբոլիստի խփած մեծ քանակությամբ գոլերից եւ պարգեւած հաղթանակներից, մշտապես իր մեջ ասում է, - «Ռեալում» 7 համարի մարզաշապիկը մշտապես մեկ մարդու է պատկանելու, ով յուրաքանչյուր գոլից հետո համբուրում էր մատանին, ով երբեք աշխատավարձի բարձրացման պատրվակով ԶԼՄ-ների միջոցով չէր պխտորի թիմի համերաշխ մթնոլորտը, այլ ընդհակառակը՝ երբ իր ղեկավարությունը ցանկացած տրամաբանությունից դուրս մեկը մյուսի ետեւից, թիմին ոչ անհրաժեշտ աստղեր էր գնում, նա ամեն անգամ համաձայնվում էր խաղադաշտում իր դիրքը զիջել եւ վերաորակավորվել, եւ ում շնորհիվ նախկինում, շատ հաճախ նաեւ հիմա, բայց ցավոք արդեն էլ ավելի հազվադեպ թիմի անունը տալիս սխալմամբ ասում էին «Ռաուլ Մադրիդ»:

http://www.youtube.com/watch?v=bRC-M8_EVIE

Գուցե այս երեքին իրոք մարզիչ պետք չէ:

Ով կարող էր մտածել...

Սիթի՞: Յունայթե՞դ: Չելսի՞: Միլա՞ն: Իսկ, գուցե եւ մարզչական աշխատանքը շարունակելու համար նոր պետք հարկավոր չլինի՞ փնտրել:

Հակամարտություն, որի արդյունքում շահում են միայն մրցակիցները:

...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել