Tert.am-ը գրում է.
ԱԺ պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանի, Զարուհի Փոստանջյանի և Թևան Պողոսյանի կողմից ներկայացված ԱԺ կանոնակարգ ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նա բնական համարեց, որ պատգամավորի գործունեությունը մարդկանց ուշադրության կենտրոնում է, ինչպես նաև բնական համարեց, որ դրականը չեն տեսնում, իսկ բացասականը նկատում են, քանի որ սպասելիքները պատգամավորներից ավելի շատ են:
«Այն, որ մենք պետք է ավելի բարեկիրթ լինենք, բարեկրթության կանոններով աշխատենք, երկրորդ կարծիք լինել չի կարող: Ինձից սկսած բոլորն ունեն թերություններ, բոլորին չգիտեմ, ես կոնկրետ ունեմ թերություններ նաև նիստ վարելու ընթացքում: Ես ուզում եմ ներողամտություն հայցել այն բոլոր գործընկերներից, ում մասին միգուցե ոչ կոռեկտության պայմաններում, չգիտակցված կամ պահի ազդեցության տակ ավելի զգացմունքային ելույթներ եմ ունեցել: Իմ կոչը հետևյալն է, որ բարեկրթության պայմաններում աշխատենք»,- ասաց նա և նշեց, որ ոչ միայն պետք է մեկը մյուսի փոխարեն քվեարկությունը բացառեն, այլ փորձեն զերծ մնալ անձերի դեմ պայքարից։
«Իմ խոսքը հավասարապես վերաբերում է և՛ մեզ` իշխանության ներկայացուցիչներին, և՛ ընդդիմությանը: Ես ուզում եմ, որ իմ երեխաները, բոլորիս երեխաները ապրեն ավելի բարեկիրթ Հայաստանում, իսկ ԱԺ-ն այն տեղն է, որտեղ պետք է այդ նշաձողը սահմանեն»,-ասաց նա:
Էդուարդ Շարմազանովն ասաց, որ պետք չէ վախենալ քննադատություններից: «Շատ դեպքերում գռեհկաբար են մեզ քննադատում, սակայն պետք չէ գռեհկաբանությանը գռեհկաբանությամբ պատասխանել: Շատ դեպքերում գռեհկությանը բարեկրթությամբ պետք է պատասխանենք, քանի որ մենք պատգամավոր ենք»,- ասաց նա և նշեց, որ ինքը պաշտպանում է ներկայացրած նախաձեռնությունը։
Չնայած դրան, Էդուարդ Շարմազանովը նշեց, որ միջազգային տարբեր հարթակներում գործում է լիազորված քվեարկության ինստիտուտը, ինչի վերաբերյալ ևս քննարկումներ կարելի է կազմակերպել: Նա ասաց, որ երբ պատգամավորը հարգելի պատճառով բացակայում է, գործուղման մեջ է կամ հիվանդ է, այդ մարդուն դնում են անհավասար պայմաններում, և գուցե քննարկվի խմբակցության ղեկավարին լիազորելու հարցը: «Այնպես չէ, որ մեկ սանրով բոլորին սանրենք, և ով բացակա է, ուրեմն անհարգելի է»,- ասաց նա:
Նա կրկին կոչ արեց լինել բարեկիրթ և դեբատները տանել փոխադարձ հարգանքի մթնոլորտում: «Վերջին շրջանում ես տեսնում եմ այն փոխադարձ հարգանքը, հանդուրժողականության մթնոլորտը, որը կա մեր պատգամավորների շրջանում, սա էլ փաստ է: Հլը հիշեք, վերջին անգամ երբ ենք այստեղ ոչ կոռեկտ արտահայտություններ արել, էլ չեմ ասում մնացած պառլամենտների հետ համեմատ: Բայց պետք է ձգտենք դեպի առաջ ու իշխանությունը ավելի հանդուրժող լինի, մեզնից է ավելի շատ բան կախված»,- ասաց նա:



