Tert.am-ը գրում է.

Ազգային ժողովն այսօր շարունակում է քննարկել պատգամավորներ Վարդան Այվազյանի, Գարեգին Նուշիկյանի, Միքայել Մելքումյանի Հակոբ Հակոբյանի և կառավարության համատեղ ներկայացված «Ավելացրած արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:


Կառավարության ներկայացուցիչ Սուրեն Կարեյանն, անդրադառնալով այն գնահատականին, որ կառավարության բացթողումն է եղել, որ այսքան ժամանակ գանձվել է Ավելացրած արժեքի հարկը և այն կարծիքներին, թե դա ապօրինաբար է արվել, ասաց. «Առաջինն` ուզում եմ հիշեցնել, որ այս դրույթը, որով նախատեսվում էր, որ ԵՏՄ անդամ երկրներից ֆիզիկական անձանց կողմից մարդատար ավտոմեքենաների ներմուծման ժամանակ Ավելացրած արժեքի հարկ է գանձվելու՝ ի սկզբանե ուներ ժամանակավոր բնույթը, ինչը պայմանավորված էր, որ ԵՏՄ անդամակցելով, որոշակի փոփոխություններ տեղի ունեցան Ավելացրած արժեքի գանձման սկզբունքների հետ»-ասաց նա:


Հիմնական զեկուցող Վարդան Այվազյանը նշեց օրենսդրական այս նախաձեռնությունը փորձում է ռեժիմի թեթևացում: «Ես ողջունում եմ, որ բոլոր խմբակցությունները ողջունեցին օրենքի առաջարկը:

Ես առաջարկում եմ` եկեք շատ արագությամբ սա ընդունենք, իսկ ինչ վերաբերում է մնացած օրենսդրական փոփոխություններին, մեկումեջ թող չզարթնեն ժամանակավոր ընդդիմություն աշխատող գործընկերները: Երբ ես քվեարկության արդյունքները նայում եմ՝ ո՛չ մասնակցել են, ո՛չ քվեարկել են, ո՛չ էլ մի հատ ծպտուն են հանել, հիմա «վդրուգ» հիշեցին, սկսեցին խոսել»,-ասաց նա և նշեց, որ իր ձեռքին են  «Մաքսային կարգավորումների մասին» օրենքի քվեարկությունները և ներկայացված հարցադրումները:


Նա կոչ արեց գալ, մասնակցել գործընթացներին, ոչ թե հիշել, թե իրենք ժամանակավորապես ի՞նչ են աշխատում: «Ինչ-որ ասեցի, իրենք շատ լավ հասկացան»,-նկատեց նա:
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել