Tert.am-ը գրում է.
Բրիտանական The Guardian հեղինակավոր պարբերականն անդրադարձել է կիրակի Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցածպայթյունին, որը խլել էր, վերջին տվյալներով, 37 մարդու կյանք` վիրավորելով ավելի քան 100 հոգու:
Անդրադարձ է կատարվել նաև վերջին շրջանում Թուրքիայում տեղի ունեցած պայթյունների վերաբերյալ այդ երկրի ղեկավարության արձագանքին ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անկարողությանը՝ երկիրը կայուն պահելու գործում և ահաբեկչության դեմ պայքարում:
Պարբերականը հիշեցնում է, որ վերջին պայթյունների վերաբերյալ Էրդողանն ասել էր. «Մեր ժողովուրդը չպետք է անհանգստանա: Ահաբեկչության դեմ պայքարը կավարտվի հաջողությամբ, և ահաբեկչությունը ծնկի կբերվի»:
Ըստ հոդվածագրի՝ Թուրքիայի ղեկավարների անհեռատես արձագանքը նշանակում է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և իր նեո-մահմեդական կուսակցությունն անզոր են երկիրը քաոսի մեջ գլորվելու ճանապարհին:
«Ժամանակին կայուն և վստահելի Թուրքիան այժմ ինքնակործանման եզրին է»,-գրում է Guardian-ը և հավելում, որ Էրդողանի օրոք Թուրքիան դարձել է Արևմուտքի «հեռացող» դաշնակիցը և Եվրոպայի երևակայական ընկերը:
Պայթյունի մասին Էրդողանի հայտարարությունը, թե Թուրքիայի բոլոր ուժային կառույցները իրենց կյանքի գնով պայքարում են ահաբեկչության դեմ, հոդվածագիրը համարում է վերջինիս բնորոշ հեքիաթների շարքից. «Էրդողանը տեղի ունեցած պայթյունները տեղավորեց իրեն բնորոշ հեքիաթների շարքում՝ հայտարարելով, թե բոլոր ուժային կառույցներն իրենց կյանքի գնով պայքարում են ահաբեկչության դեմ: Սա միակ մեղեդին է, որ նա ունի իր երգացանկում: Նա անտեսեց, որ այն հանգամանքը, որ տուժածները քաղաքացիական անձինք էին»։
Հոդվածագիրը նկատում է, որ անդավաճան մնալով իր ձեռագրին՝ Էրդողանը հրամայեց ավիահարվածներ հասցնել Հյուսիսային Իրաքում գտնվող Քրդական աշխատավորական կուսակցությանը։
«Սա վտանգավոր ռեֆլեքս է: Անցյալ տարի նա հրամայեց խոցել ռուսական ռազմական ինքնաթիռը, ինչը խիստ վատթարացրեց երկկողմ հարաբերությունները»,-գրում է Guardian-ը և հավելում, որ քրդերի հարցը Թուրքիայի խնդիրներից միայն մեկն է, և որ դատական համակարգի մանիպուլյացիան, կոռուպցիան, մամուլի ազատության և անկախ լրագրողների դեմ արշավները, ինչպես նաև նոր սահմանադրության մշակումը, որ նրան կտա Վլադիմիր Պուտինի տիպի նախագահական իշխանություն, Էրդողանի ունեցած պրոբլեմների թվում են:
«Թուրքիան քայլ առ քայլ գնում է դեպի ավտորիտար կառավարման: «Արդարություն և զարգացում» կուսակցությունն այժմ մի իրավիճակում է, որ կգնա ցանկացած քայլի` ընդհուպ քաղաքական սպանությունների, իշխանության մնալու համար»,-մեջբերելով «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդի խոսքերը՝ գրում է հոդվածագիրը և ընդգծում, որ Էրդողանի՝ «ինձ հետ կամ իմ դեմ» կեցվածքը տրամադրում է Թուրքիային իր վաղեմի դաշնակիցների դեմ:
«Վառ օրինակ է ներգաղթյալների խնդիրը: Անցյալ աշուն Բրյուսել այցելած Էրդողանը սպառնացել էր Եվրոպան հեղեղել ներգաղթյալներով, եթե Եվրամիությունը չկատարեր իր պահանջները,-հիշեցնում է հոդվածագիրը և ամփոփում,-Էրդողանը հակադրվել է նաև Օբամային՝ ԻԼԻՊ-ի դեմ պայքարելու հարցում: Վերջին հարցազրույցներից մեկում Օբաման Էրդողանին բնորոշել էր որպես ձախողակ և ավտորիտար»:



