Tert.am-ը գրում է.

ՀՅԴ համամասնական ցուցակով Արծվիկ Մինասյանին փոխարինած նոր պատգամավորը՝ Կարեն Շախմուրադյանը, հավաստիացնում է՝ պատգամավոր դառնալուց հետո բիզնեսով այլևս չի զբաղվելու:


«Երբ պատգամավորը զբաղվում է պատգամավորական աշխատանքով նա իրավունք չունի զբաղվել այլ գործունեությամբ: Բնականաբար, ես բիզնեսով հիմա էլ չեմ զբաղվելու: Որևէ մեկին գաղտնիք չէ, որ այդ բիզնեսը մենք ժառանգել ենք, բիզնեսի մեջ մենք եղբորս հետ միասին ենք, բիզնեսով կզբաղվի եղբայրս»,- ասաց պատգամավորը:


Tert.am-ի հարցին՝ ինչպե՞ս է պատրաստվում պայքարել իշխանությունը բիզնեսից տարանջատելու գործում, ինչը ասվում է նաև ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության մասին փաստաթղթում, այն պատգամավորների դեմ, ովքեր շարունակում են զբաղվել բիզնեսով, Շախմուրադյանը պատասխանեց, թե այդպիսի պատգամավորների մասին չգիտի:


«Ես ճիշտն ասած չգիտեմ մարդկանց, ովքեր զբաղվում են բիզնեսով, բայց պատգամավոր են: Հստակ օրենք կա, օրենքը սահմանում է, որ մարդիկ, ովքեր պատգամավոր են ընտրվել, հստակ իրավունք չունեն զբաղվելու բիզնեսով: ԱԺ-ում չկան նման մարդիկ: Ովքեր պատգամավորի աշխատանքով են զբաղվում բիզնեսով չեն զբաղվում: Հնարավոր է, որ ունեն արժեթղթեր՝ ընդհանուր փաթեթի մեջ, սեփականատեր են, այսինքն՝ ակցիոներ են, բայց անմիջապես չեն զբաղվում բիզնեսով»,- շեշտեց Կարեն Շախմուրադյանը:


Խոսելով ՀՅԴ-ՀՀԿ համագործակցությունից, պատգամավորը նշեց, որ որևէ հակասություն  սոցիալ-տնտեսական կարգավիճակը բարելավվելու և փաստաթղթի միջև՝ չկա. «Ապագայում կտեսնենք: Եթե կողմերը կկարողանան համերաշխ աշխատել, կաշխատենք, վատ բան չեմ տեսնում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել