Օրվա խորհուրդը /16.03.2012/
Մեծ պահքի 26-րդ օր:
Բ Օր. 9.11-23, Հոբ 16.1-17.16, Ես. 43.22-44.8
<<Ես եմ, ես եմ այն նույնը, որ ջնջում եմ իմ հանդեպ կատարած քո անօրենությունները և քո մեղքերն այլևս չեմ հիշելու: Բայց դու հիշիր, որ իրար հետ դատ ենք ունենալու. նախ դու խոստովանիր քո անօրենությունները, որ արդարացուես>>: Եսայու մարգարեությունից վերցված այս տողերն են, որ առիթ են ընծայում մեզ խորհրդածելու մեր կատարած գործերի և դրանց դիմաց հատուցման ու Վերջին դատաստանի մասին: Քանզի մեր գործած մեղքերը և անօրենությունները Տերն է, որ ներում է, եթե մենք անկեղծ սրտով զղջում ենք և դրանք խոստովանում: Այս ամենի մեջ գործում են նախ և առաջ մարդ-Աստված հարաբերությունները: Ամենքս Աստծո ներքո ենք քայլում և ապրում` անկախ նրանից ընդունում ենք դա, թե ոչ: Կամա, թե ակամա գալիս է այն պահը, երբ յուրաքանչյուր մարդ արարած ի վերջո ցանկանում է իրեն տեսնել այդ հարաբերության մեջ և գլուխը բարձրացնում է վեր, պարզում է իր ձեռքերը` ակնկալելով Բարձրյալի ամուր բազկի զորության ներգործությունն իր կյանքում: Այդ հարթության մեջ է, որ կարող է ճշմարտապես կառուցվել և իմաստավորվել մեր կյանքը: Եթե մեր կյանքից վերանում է կյանքի և իրերի այդ ընկալումը, ապա ամեն ինչ ապարդյուն է: <<Նախ դու խոստովանիր քո անօրենությունները, որ արդարացուես>>: Սա կարևոր մի պարագա է, որտեղ նաև երևում է այդ աներևույթ պայմանը մարդու և Աստծո միջև, որով մենք հաղորդ ենք դառնում Աստծո շնորհին, հատուցմանը, ողորմությանը: Սակայն պիտի ամբողջ սրտով և հոգով, սրբության և մաքրագործման անկեղծ ձգտումով զղջանք, ապաշխարենք, ապա խոստովանենք, որպեսզի կարողանանք Աստծու կողմից արդարացվել: Այս օրը մեզ համար հրավեր է մարդկային անօրենությունից դեպի Աստծու արդարություն:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել