Շարունակելով նախորդ գրառմանս թեմատիկան` այս անգամ ուզում եմ անդրադառնալ ժամանակին։
Ժամանակի յանդէպ իմ մտատանջութիւնները ծնուեցին, երբ ես փորձում էի հասկանալ Էյնշտեյնի հարաբերականութեան տեսութեան այն դրոյթը, թէ ժամանակը դանդաղում է մեծ արագութիւնների դէպքում։
Հարցը հետեւեալն էր․ ի՞նչ է ժամանակը, որ մի հատ էլ դանդաղի կամ արագանայ։
Որպէս դասական օրինակ նշենք երկւորեակների պարադոքսը․ եթէ երկու երկւորեակներ ծնուեն, եւ ծնուելու պահին երկւորեակներից մէկը շարժուի լոյսի արագութեամբ (նրան ասենք տեղադրենք մի արբանեակի մէջ եւ ճանապարհենք), ապա  լոյսի արագութեամբ շարժուող երկւորեակը իր ժամացոյցով հաշուելով մէկ տարի, մէկ տարի յետոյ նա իր եղբորը կը գտնի հարիւր տարէկան հասակում։
Սա նշանակո՞ւմ է արդէօք, որ արբանեակում գտնուող երւորեակի մոտ բոլոր կէնսաբանական պրոցեսները դանդաղել են՝ սկսեալ էլէկտրոնների արագութիւնից։ Ես միայն այս դէպքում կարող եմ պատկերացնել դրոյթը, եւ այսպէս ստացւում է, որ ոչ թէ ժամանակն է դանդաղում, այլ պրոցեսները։
Կրկնենք հարցը՝ ի՞նչ է ժամանակը։
Բանն այն է, որ իմ կարծիքով ժամանակը որպէս այդպիսին գոյութիւն չունի։
Եւ այս եզրահանգումն ընդունելով յետոյ, այլ հետաքրքիր հարց է առաջանում․ ինչպէ՞ս են մարդիկ յայտնաբերել այս երեւոյթը։
Դիտարկեն հետեւեալ մոտեցումը․ այգեգործութեամբ զբաղուող մարդուն, օրինակ, միշտ պէտք է իմանալ, թէ երբ է լինելու գարունը, որպեսզի սկսի վարուցանը, երբ է գալու ձմեռը, որպեսզի հասցնի հաւաքել իր ձմեռուայ պաշարը։
Լուծմանը հին աշխարհի մարդիկ եկել են՝ տարերային փոփոխութիւնները համեմատելով տիեզերական օրինաչափութիւնների հետ։ Օրինակ, ձմեռը գալիս է, երբ արեգակը սկսում է ծագել A սարի գագաթից։
Եւ բնական է, որ երկնքի երկրի համադրութեամբ կարելի է գտնել նմանատիպ բազմաթիւ օրինաչափութիւններ։
Ի վերջոյ կարելի է գուշակել տարույ օրերի քանակը, որովհետեւ դժուար չէ կռահելը, որ արգեակի ծագման կետը ամէն ձմեռից յետոյ A սարի գագաթից շարժւում է դէպի B սարի գագաթը եւ յետոյ վերադառնում A սարի գագաթը։
Եւ այսպէս կարելի է կառուցել սկզբանական օրացոյցը՝ համրելով A->B->A ընթացքում օրերի քանակը։
Այստեղից կարելի է եզրակացնել, որ ժամանակը երկու շարժումների համադրութեան միաւորն է։ Ընդ որում, շարժումներից մէկը պիտի լինի պարբերական։ Եւ միւս շարժման օրինաչափութիւնը պէտք է դիտարկել ըստ միւս պարբերական շարժման։
Ասածս աւելի բնական ներկայացնելու համար նշեմ հետեւեալը․ մենք ասում ենք՝ մարդը ապրեց 100 տարի։ Սա նշանակում է, որ նկատի ունենք, որ Արեգակը հարիւր անգամ կատարեց A->B->A ցիկլը։
Հէնց սրանից էլ եզրակացնում եմ, որ ժամանակը որպէս այդպիսին գոյութիւն չունի։ Էլ ուր մնաց նրան դանդաղացնել կամ արագացնել, էլ չեմ ասում նրա միջով ճամփորդել։
Եթէ կայ դանդաղում, ապա դա բնական պրոցեսների դանդաղումն է․․․ Այստեղից դժուարանում եմ առաջ գնալ․․․
Ի՞նչ կասեք, ի՞նչ է ժամանակը․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել