Գործող բարձրագույն կրթական համակարգը, չնայած բարեփոխումներին, այնուամենայնիվ շատ դանդաղ է վերափոխվում, և սերունդներ են դառնում շրջանավարտներ՝ հետագայում անորոշ մասնագիտական ճանապարհով:
Փորձել եմ առանձնացել որոշ հիմնական բացթողումներ, որոնք խոչընդոտ են դառնում, և անմիջականորեն իրենց բացասական ազդեցությունն ունենում թե՛ պետական և թե՛ մասնավոր բուհերի շրջանավարտների համար հետագա մասնագիտական կարիերայի ձևավորման ճանապարհին.
«Նախ, բուհերը՝ պետականներից մինչև մասնավոր, ակադեմիական գիտելիքներից զատ ուսանողին չեն տալիս համապատասխան ունակություններ և հմտություններ: Շատ են դեպքերը, երբ անգամ գերացանցությամբ պետական բուհն ավարտած շրջանավարտը չի կարողանում աշխատանք գտնել՝ համապատասխան կառավարչական, հաղորդակացական և մի շարք կարևոր և անհրաժեշտ հմտություններին չտիրապետելու պատճառով. 21-րդ դարում այսպիսի բացթողումը անհասկանալի է, քանի որ ողջ աշխատանքային գործունեությունը իրականացվում է հենց այս հմտությունների գործածմամբ: Այսինքն՝ անհրաժեշտ է ակադեմիական գիտելիքները զուգորդել գործնական հմտությունների հետ:
Երկրորդ՝ հաշվի առնելով ներկայիս աշխատաշուկայի պահանջարկը՝ կարելի է գալ այն եզրակացության, որ ավելի մեծ պահանջարկ ունեն միջին մասնագիտական կրթություն ունեցող կադրերը: Խորհրդային Միության կրթական համակարգի առավելություններից մեկն, ի տարբերություն ներկայիս գործողի, այն էր, որ, բացի բարձրագույն կրթական հաստատություններից, կային և մեծ տարածում ունեին նաև արհեստակցական տեխնիկումները: Բոլորը չէին, որ դառնում էին կառավարիչներ, տնտեսագետներ, իրավաբաններ և դիվանագետներ: Գոյություն ուներ և ձևավորվում էր միջին մասնագիտական խավ: Մեզ պետք է տեխնիկումների գործունեության աշխուժացում՝ աշխատաշուկայի պահանջները բավարարելու համար, ինչը նաև կապահովի միջին մասնագիտական ծառայությունների ոլորտում որակյալ կադրերի առկայությունը (ինչի կարիքը զգալի է):
Երրորդ, բուհական համակարգը պետք է գիտական գործունեության գործուղի խորհրդային ակադեմիական գիտելիքներով ապրող և դեռևս այդ ժամանակաշրջանից դուրս չեկած 70 տարին անց գիտնական-դասախոսներին: Դա ամենևին էլ չի նշանակում, որ այդ մարդիկ այլևս մեր կրթական և գիտական համակարգին պետք չեն: Հակառակը, նրանց կարիքը, դերն ու նշանակությունը անչափ մեծ է գիտահետազոտական ոլորտում: Պետք է կազմակերպել ճիշտ սերնդափոխություն: Երիտասարդ և նորարար մտածելակերպով ու գործունեությամբ օժտված երիտասարդների դերը պետք է ավելի մեծ և ազդեցիկ լինի կրթության կազմակերպման գործում:
Չորրորդ, շատ կարևոր է բուհի և աշխատաշուկայի փոխկապակցված գործունեությունը. բուհը ֆակուլտետներում ընդունելություն պետք է կազմակերպի ըստ աշխատաշուկայի պահանջարկի, ոչ թե ըստ մոդայիկ մասնագիտությունների: Ասենք պետք չէ տարեկան տալ 100-150 դիվանագետներ, եթե երկրի դիվանագիտական կորպուսին և արտաքին գերատեսչությանը պետք են տարեկան կտրվածքով 3-4 բարձրորակ դիվանագետներ:
Հինգերորդ, բուհերում գործող Կարիերայի կենտրոնները չպետք է կատարեն զուտ ձևական դեր: Կարիերայի կենտրոնը 1-ին իսկ կուրսից պետք է ուսանողին վարժեցնի կամավորական աշխատանքին տարբեր կազմակերպություններում, որը ուսանողի, ապագայում շրջանավարտի համար կլինի աշխատանքի փորձառություն. շրջանավարտը աշխատանքի տեղավորման գործում չի հանդիպի «աշխատանքային փորձ չունեք» խոչընդոտին:
Դեռևս այսքանը. խնդիրների ցանկը շարունակելի է.
Հ.Գ. - Վճարելով կրթության համար՝ ուսանողը պարտավոր է պահանջել բարձրորակ և ժամանակի պահանջներին համապատասխան կրթություն:



