Արդեն թափ էին առնում պատերազմական գործողությունները` Երասխի, Ասկերանի, Շահումյանի մարտերը: Վարդանը տարերքի մեջ էր: Ընկերները նրան տվեցին «Դուշման» անունը և «Դուշմանը» դարձավ առասպելական: Արցախում զենքի պակաս էր զգացվում, և նա անձամբ մեկնեց Ռուսաստան` զենք հայթայթելու: Դուշմանը վստահություն էր ներշնչում, նրա հավատը, որ Շուշին շուտով կազատագրվի թուրքերից, վարակիչ էր: Դուշմանի մասին լեգենդներ են հյուսվում և մեծ արագությամբ տարածվում և՛ հայերի, և՛ թուրքերի շրջապատում, որովհետև եկել էր պահը, և հերոսական էին նրա բոլոր մտահղացումներն ու արարքները:«Հայրենիքի համար սխրանք կատարելն ու հաղթանակելու հավատն են մեր ուժի աղբյուրները»,- այսպիսի պարզաբանում է տալիս Վարդանը:
Ահա ևս մի քանի բացատրություն իր արարքների մասին. «Ես պատերազմին շատ եմ պետք, ինձ գնդակ չի կպչի, իսկ եթե զոհվեմ, միայն դավադիր ականից կլինի»:
Մեծերը կանխազգում են գալիքը… Այդպես էլ եղավ. զոհվեց 1992 թվականի հուլիսի 3-ին, Արցախի Մյուրիշեն գյուղի մոտ, դավադիր ականից …«Եթե զոհվեմ` զինված, մաքուր հագնված կգաք թաղմանս ու գլխիս տակ դաշույն կդնեք, որ էն աշխարհում էլ պայքարեմ»:
Դուշմանը թաղվեց ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ, իսկ մինչ այդ պատգամել էր. «Ինչքան մենք ենք մեր ազգը սիրում, գոնե մի փոքր էլ ազգը մեզ սիրի»:
Եվ ազգը սիրեց…Վարդան Ռոբերտի Ստեփանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին և երկրորդ աստիճանի շքանշաններով, «Շուշիի ազատագրման համար», «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» մեդալներով:
Նրա մասին ֆիլմեր են նկարահանվել, գրքեր են գրվել, երգեր են երգվում, գործում է նրա անվան գրադարան-տուն թանգարանը, Շուշիի փողոցներից մեկն անվանակոչված է նրա անունով, ծնվում և մեծանում են նրա անունը կրող նոր զինվորներ, ԵՊՀ-ում կա նրա անվան լսարան, տարբեր դպրոցների ռազմագիտության սենյակներ նրա անունով են…
Դուշման Վարդանը հայ ժողովրդի սիրված և մնայուն հերոսներից է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=930512153723649&set=a.180107422097463.39659.100002946195874&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել