Փոքրիկ բնակարան, ննջարան, կապտամոխրագույն հարթ պատեր, որոնք բուրում են 90-ականների սառնությամբ, սենյակի երկու կողմերում փայտե շագանակադեղնավուն պատուհաններ են, որոնք ջերմացնում են սենյակն իրենց յուրահատուկ շնչով։ Մի կողմի պատուհաններից առավոտյան երևում են արեգակի առաջին շողերը, իսկ մյուս կողմի պատուհաններից` վերջին կարմրավուն ճառագայթները, որոնց խաղի ներքո երկինքը ներկվում է բոլոր հնարավոր ու անհնար երանգներով։ Իսկ գիշե՜րը, մմմ՜… գիշերը աստղերն են հյուրընկալվում այդ սենյակում` երբեմն իրենց հետ բերելով լույսի կաթնագույն շողերը, որոնք, գրկախառնվելով պատերի կապտամոխրագույնի հետ, խորհրդավոր արծաթե լույսով են լցնում սենյակը։ Այն պատուհանի գոգին, որտեղից երևում է արևածագը, մի փափուկ անկյուն է ստեղծված` գրելու և գիրք կարդալու համար։ Հենց դրա կողքին հատակից մինչև առաստաղ ձգվող գրապահարանն է, որի մեջ այնքա՜ն կյանքեր են ապրում ու այնքա՜ն բան ունեն ինձ պատմելու ու սովորեցնելու։ Ազատ պատի մի անկյունում զգեստապահարանն է, որը լի է ամենահասարակ հագուստով, որոնք չեն պատկանում ոչ մի հայտնի ապրանքանիշի և ճիշտ ներկայացնում են իրենց տերերի էությունը։ Պահարանի կողքին` պատի մյուս անկյունում, փակցված են լուսանկարներ, որոնք պատմում են խենթ հիշողությունների մասին ու ավելի պայծառ ջերմությամբ են լցնում սենյակը։ Կողքի պատին այն լուսամուտներն են, որոնցից երևում է մայրամուտը։ Դրանցից մեկի առջև դրված է գրասեղանը` ցաքուցրիվ թղթերով, գրիչներով ու մատիտներով, երբեմն` սուրճի կամ թեյի` դատարկ կամ կիսով չափ լիքը բաժակով։ Պատուհանների երկայնքով վերուվար են անում մանր լույսերը, որոնք սենյակին յուրահատուկ ջերմություն ու հարմարավետություն են հաղորդում։ Մյուս լուսամուտի կողքին մահճակալն է` ոչ շատ ընդարձակ, մի քիչ թափթփված։
Անկողինը դեռ իր մեջ է պահում իմ մյուս դրախտի քաղցր բույրը, առանց ում ոչինչ իմաստ չէր ունենա։ Ամեն գիշեր նա քնում է հենց այդտեղ` մի ձեռքով ինձ գրկած։ Քնում է խաղաղ, հրեշտակային հայացքով, քնում է` բառի ամենամաքուր ու անմեղ իմաստով։ Առավոտյան բաց է անում իր նշաձև խաժ աչքերը` երկար, գեղեցիկ թարթիչներով։ Մեղմ ժպտում է` մի ձեռքը դնելով այտիս, մյուսով` խաղալով մազերիս հետ։ Հետաքրքիր է, չէ՞, դրախտ դրախտում ։)…
Մյուս սենյակները նույնպես հասարակ են, մթնոլորտը նույնն է։ Այդ փոքրիկ բնակարանում խնջույքներ հաճախ են լինում, իսկ խնջույքները լի են խենթություններով ու արվեստով։ Ընկերներով նվագում ենք կիթառ, դաշնամուր, ջութակ, ֆլեյտա, երգում, պարում ու անդադար ծիծաղում։ Հարազատ դեմքեր, ժպիտներ, բարձր վարակիչ ծիծաղ, ուրախություն, երբեմն նույնիսկ ալկոոլ ու ծխախոտ… երիտասարդական սովորական խենթություններ, որոնք իրականում ավելի անմեղ են, քան կեղծ զսպվածությունը, որի տակ քողարկված են ավելի մութ գաղտնիքներ։ Իսկ այստեղ բոլորն ուրախ են, երջանիկ, որովհետև մեր հարստությունը դա է` այդ փոքրիկ բնակարանն ու ընկերները։ Մեզնից յուրաքանչյուրը տարբեր է ու զբաղվում է բացառապես իր սիրած գործով, շատ գումարի պահանջ ոչ ոք չունի։ Մենք հասկանում ենք, որ այդպես գուցե և չապրենք մինչև խոր ծերություն, բայց կապրենք հետաքրքիր ու գունեղ կյանք, այնպիսին, ինչպիսին ինքներս ենք ուզում ու պատկերացնում։ Իսկ ինչների՞ս է պետք խոր ծերությունը։ Մեզ կարճ կյանքն էլ բավական է, կարճ, բայց հետաքրքիր։ Գրողը տանի, մենք այստեղ ԱՊՐՈՒՄ ԵՆՔ, ոչ թե գոյատևում` հասարակության գորշ քողով ծածկված։
Սրանից ավել էլ ի՞նչ է պետք երջանիկ լինելու համար. ինձ համար` ոչինչ։
Իսկ դու գտե՞լ ես քո դրախտը։ Չէ՞։ Ուրեմն կօգնեմ քեզ ։) Դրախտը հարստության, հարևանի մեքենայի, վերջին մոդելի բջջայինի ու թանկարժեք զարդերի մեջ չէ։ Դրախտը քո ու քո շրջապատի մեջ է, որը ի դեպ, հենց դու ես ստեղծում։
Նյութի աղբյուր՝ http://shushan-shock.blogspot.com/2013/01/blog-post_12.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել