Tert.am-ը գրում է.

Կրթության ոլորտը բնական է, որ միշտ կունենա խնդիրներ, և մեր երկրների նման երկրներում, որտեղ, ցավոք սրտի, կա ֆինանսական միջոցների սղություն, այդ խնդիրները մեզ ուղեկցող են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպիսի կրթության ոլորտի  ժառանգություն է փոխանցվել իրեն ՀՀ Կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանից:
«Կրթության ոլորտն ունի մի յուրահատկություն, դա այն է, որ 98 թվականից սկսված որոշակի շարունակական քաղաքականություն է եղել, որը փոխանցվել է նախարարից նախարար:  Այս իմաստով արդյունքները և որոշակի բացթողումները,  որը մենք այսօր ունենք, արդյունք են նաև երկարատև այս գործընթացի: Այսինքն՝ խնդիրները բոլորինս են և պետք է փորձենք արդյունքներն ուժեղացնել և բացթողումներն էլ շտկել»,- ասաց նա և նշեց, որ չի պատրաստվում փոխել  մշակված և բավական հետևողականորեն որդեգրված քաղաքական գիծը:


«Մենք կարողացել ենք ստեղծել կրթական համակարգի ինստիտուցիոնալ կառույց, այժմ եկել է փուլը, որ մենք կարողանանք լուրջ բովանդակային ներդրում կատարել այդ կառույցների մեջ»,- ասաց նա և կարևորեց ավագ դպրոցների կոնտենտը:


Հարցին, թե արդյոք ավագ դպրոցների վերաբերյալ ձեր գնահատականը, ըստ որի՝ ծնողները չեն ցանկանում երեխաներին ուղարկել ավագ դպրոց,  քննադատություն չէր ուղղված Արմեն Աշոտյանին, Լևոն Մկրտչյանը պատասխանեց.  «Ոչ, անձնավորած չի կարելի ընդունել, որովհետև, ի վերջո, շատ բարդ խնդիր ենք լուծում»: Նա հիշեցրեց, որ ավագ դպրոցների   ձևավորման գործընթացը սկսվել է իր նախարար եղած տարիների վերջին շրջանում, այնուհետև շարունակվել է Սպարտակ Սեյրանյանի պաշտոնավորման ընթացքում:


«Այստեղ կարևոր մի խնդիր կա: Ավագ դպրոցները պետք է  դառնան այն կարևոր կապող օղակը, որը հիմնական դպրոցը պետք է կապի բարձրագույն կրթության հետ և այդ կապող օղակը պետք է ուղղված լինի մի կողմից դեպի հիմնական դպրոց, մյուս կողմից դեպի բուհ»,-ասաց նա և նշեց, որ ներկայումս Համաշխարհային բանկի հետ ծրագիր է իրականացվում, որը հենց բովանդակային պետք է լցնի ավագ դպրոցը, այսինքն՝ առաջին հարցը տեխնիկական ապահովումն է, երկրորդը, որը նախարարի գնահատմամբ,  շատ ավելի կարևոր է, պետք է կարողանան այնպես անել, որ ծնողները իմաստ տեսնեն իրենց երեխաներին ավագ դպրոց ուղարկելու մեջ:


Լևոն Մկրտչյանը նկատեց, որ այսօր շատ ծնողներ խուսափում են իրենց երեխաներին ավագ դպրոցներ ուղարկել՝ նախատեսելով կրկնուսույցները, որովհետև ավագ դպրոցի ծրագրերի մեջ կա ինչ-որ բացթողում: Նա ասաց, որ սա է հիմնական խնդիրը և նախարարությունը միայնակ այդպիսի խնդիրներ չի կարող լուծել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել