Tert.am-ը գրում է.
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն քննարկել են մամուլի ազատության հարցը՝ Թուրքիայի իշխանությունների կողմից Zaman ընդդիմադիր թերթը հսկողության տակ առնելու մասին տեղեկություններից հետո, հաղորդում է Reuters-ը։
 
«Այդ թեման օրակարգում է եղել կանցլերի և Թուրքիայի վարչապետի միջև վերջին բանակցությունների ժամանակ»,- ասել է մամուլի քարտուղար Քրիստիան Վիրցն ասուլիսի ժամանակ։
 
Նրա խոսքով՝ մամուլի ազատությունը «շատ մեծ նշանակություն ունի Գերմանիայի կառավարության համար»: Նա հավելել է, որ Մերկելը և Դավութօղլուն զրուցել են կիրակի օրը՝ մարտի 6-ին։
 
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էյրոն իր դժգոհությունն է հայնել թուրքական Zaman ընդդիմադիր թերթի նկատմամբ հսկողություն սահմանելու Թուրքիայի իշխանությունների որոշման առնչությամբ։
 
Հիշեցնենք, որ Ստամբուլի 6-րդ քրեական դատարանը, քաղաքի դատախազության ներկայացրած դիմումի հիման վրա, հոգաբարձուներ է նշանակել լրատվամիջոցի կառավարումը ստանձնելու համար։

«Այսօր Թուրքիայում մենք ականատես ենք լինում մամուլի ազատության ամոթալի օրվան»,- ասել է պարբերականի գլխավոր խմբագիրը:

Ոստիկանությունը ջրցան մեքենաների և արցունքաբեր գազի միջոցով ուրբաթ երեկոյան ցրել է խմբագրության շենքի մոտ հավաքված ցուցարարներին։ Դրանից հետո ոստիկանները ներխուժել են խմբագրության շենք՝ այնտեղից դուրս հանելով աշխատակիցներին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել