Tert.am-ը գրում է.

Հասարակության շրջանում երբեմն սխալ ընկալում է լինում և պահքը դիտում են որպես դիետա: Պահքն առ աստված մի տեսակ ուխտագնացություն է: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Արարատյան հայրապետական թեմի Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար, Տեր Կարապետ քահանա Կարապետյանը:


«Պահքը ոչ դիետա է, ոչ էլ նիհարելու միջոց»,- ասաց քահանա Կարապետյանը՝ նշելով, որ «պահք» բառն առաջացել է «պահել» բառից, երբ ինքդ քեզ որպես քրիստոնյա հեռու ես պահում չարից և վատ սովորույթներից և մոտենում առ Աստված:


Քահանան ասաց, որ պետք է հրաժարվել բոլոր այն վատ երևույթներից, որոնց մարդը գերի է դառնում, պարզապես պետք է դա ոչ միայն մեծ պահքի օրերին լինի, այլ տարվա բոլոր օրերին:


«Այս 48 օրերի ընթացքում եկեղեցու բոլոր վարագույրները փակված են լինում, և մարդը պետք է գնա դեպի ապաշխարություն: Այս 48 օրերն այն շրջանն է, որ մտավոր առումով ինքներս մեզ մի հարց պետք է տանք. ո՞վ ենք մենք, ո՞ւր ենք գնում և ի՞նչ նպատակով: Սա հաշվետվության մի շրջան է նաև»,- ասաց Կարապետ քահանա Կարապետյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել