- Աշոտ, Ձեր ֆեյսբուքյան էջից տեղեկացանք, որ ռուսական ֆիլմում եք նկարահանվում։ Որքանով ինձ է հայտնի՝ պրոֆեսիոնալ դերասան չեք, ինչպե՞ս եղավ հրավերը մեծ ֆիլմում նկարահանվելու, այն էլ ոչ թե տեղական, այլ՝ ռուսական։

 - Ճիշտ եք, դերասանական կրթություն չունեմ, բայց մինչ այս տարբեր փորձեր ունեցել եմ հոլովակներում, ֆիլմերում նկարահանվելու ու կարծես թե ինձ մոտ ստացվում է։ «Հայրերը» ֆիլմում նկարահանվելու առաջարկը Արշո Հարությունյանինն է, ով հանդիսանում է այս ֆիլմի ռեժիսորը։ Մի օր նա ինձ զանգահարեց ու ասաց, որ բազմասերիանոց ֆիլմ է սկսում նկարել և կա մի կերպար, որը կցանկանար՝ ես մարմնավորեմ։ Շատ ոգևորվեցի առաջարկից ու միանգամից համաձայնեցի։
  - Ինչի՞ մասին է ֆիլմը:

  - Ֆիլմը բավական դրամատիկ ու խճճված սյուժե ունի։ Եթե կարճ՝ ապա սա ֆիլմ է վրեժի մասին։ Ֆիլմի ողջ սյուժեում կարմիր թելով գնում է թրաֆիքինգի թեման, որը արաբական երկրներում նաև բիզնեսի տարածված ձև է։ Ի դեպ ես հանդես եմ գալիս արաբի կերպարում:

   - Ենթադրում եմ, որ կերպարը բացասական է:

   - Նա շեյխի որդի է, չար ու էմոցիոնալ՝ լցված վրեժի ծարավով։ Նա ոչ մի խոչընդոտի առջև չի կանգնում իր նպատակին հասնելու ու եղբոր սպանության համար վրեժ լուծելու համար։

  - Իսկ Ձեզ հեշտ է աշխատել Արշոյի հետ։

  - Պրոֆեսիոնալ մարդու հետ իհարկե շատ հեշտ է աշխատելը։ Նա մեզ հետ աշխատում է նաև նկարահանումից առաջ և հետո։ Ըստ այդմ նկարահանման հրապարակում բարդություններ չեն առաջանում։ Դա շատ կարևոր է:

  - Քանի՞ մասից է բաղկացած ֆիլմը և ե՞րբ են ավարտվելու նկարահանումները։

 - 12 մասից բաղկացած բազմասերիանոց ֆիլմ է, որի նկարահանումները սկսել են անցյալ ամիս և կավարտվեն ապրիլին։

  - Որտե՞ղ են ընթանում նկարահանումները:

  - Ֆիլմի աշխարհագրությունը շատ ընդգրկուն է։ Այն նկարահանվելու է Եգիպտոսում, Էստոնիայում, Լիտվայում, Հունաստանում, Չեխիայում, Մոսկվայում, Վրաստանում, ինչպես նաև Հայաստանում: Այս պահին Էստոնիայում ենք ու հաշված օրերից կվերջացնենք այստեղի փուլը։















Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել