Չգիտեմ, ուրիշ առիթ լիներ, երևի այդպես էլ չասեի: Ինչ իմն է՝ իմն է: Ու չգիտեմ նաև, թե որքանով է ճիշտ ասելը: Բայց, երևի պետք է: Հասկացողը՝ կհասկանա:
Լուսահոգի Վազգեն Սարգսյանին երբեք «Սպարապետ»-ով չեմ դիմել: Նախ՝ դրա զինվորական առիթը չեմ ունեցել, և հետո՝ իրեն այդպիսին չեմ համարել: Մանավանդ, որ թաթարից բեթար անկոչ պատերազմի ընթացքում ոչ պակաս տղաներ բացահայտվեցին՝ իրենց ռազմական տաղանդով ու կրակով, ու ցավոք, շատերն էլի՝ լուսահոգի: Համ էլ, ինձ թվում է, որ եթե Վազգեն Սարգսյանը ողջ լիներ ու շարունակեր ծառայել հայրենիքին, նա իրեն առիթ-անառիթ «սպարապետով» հիշողներին տեղը՝ տեղին կսաստեր:
Ու մի բան էլ կա. հատկապես 1999-ի այն չարաբաստիկ ու արյունաթաթախ օրվանից հետո, առավե՛լ ևս չեմ գործածել «Սպարապետ»-ը: Թող ներեն ինձ հազարավոր իմ հայրենակիցներն, ովքեր իրոք ու սրտանց են ասում՝ սպարապետ Վազգեն Սարգսյան: Սակայն ես մի տեսակ շինծու, արհեստական ու պաթոսային երանգ եմ զգում դրանում: Մանավանդ, երբ փքուն-վերամբարձ տոնայնությամբ, ինչ-որ ճռճռան հանդիսավորությամբ են արտասանում:
Շատերը շատ բան կասեն: Բայց անկախ դրանից, թե ով ի՛նչ կասի, Վազգեն Սարգսյանը արհեստական չէր, շինծու չէր: Նրա առավելությունն ու, գուցե նաև՝ խոցելի հատկանիշն այն էր, որ Վազգեն Սարգսյանն իսկական էր՝ իր ամեն ինչով: Իր բռնկուն խառնվածքով, իր հակասական կերպարով, իր զայրույթով ու իր բարությամբ, երկուսի դեպքում էլ՝ շռայլ, ու բոլոր դեպքերում՝ անկե՛ղծ: Տարիների հեռվից արդեն ինչ-որ տեղ կարևոր էլ չի թվում՝ ճիշտ էր այս մի քայլում, թե սխալվում էր: Կարևորը անկեղծությունն էր: «Պալիտիկա» չէր խաղում: Հաստատ կիմանար հայտնի կանոնը, թե՝ քաղաքական գործչին լեզուն տրված է մտքերը թաքցնելու համար: Բայց որքան հասցրել եմ նկատել, երբեք այդպես չէր վարվում:
Մտքով անցե՞լ էր, այդպես էլ ասաց. «Թեկուզ 100 տոկոս ստանար, մեկ է…»: Իսկ երբ դրանից մի երկու տարի անց մարդ ա մեկի ավտոմեքենան գնդակոծվել էր, դեպքն էլ համարյա որպես դավադրություն էին ներկայացնում, էլի կարճ ու կոնկրետ հասկացրեց, որ էստեղ շատ բան «էն չի»…
Չեմ սիրում, երբ սկսում են շտամպներով խոսել իրական ու իսկական մարդու մասին: Վազգեն Սարգսյանը շտամպ չէր: Ու չի: Իսկ ահա արդեն համարյա 15-16 տարի Վազգեն Սարգսյանին շտամպային առասպել են դարձնում, մի տեսակ՝ անիրական կերպար: Փառաբանում են, բայց փառաբանողներից շատերը երևի պատմվածքներն էլ չեն կարդացել: Ելույթներն ու հարցազրույցներն էլ, երևի: Գուցե սխալվում եմ իմ ընկալման մեջ, բայց նման զգացողություն ունեմ:
Ֆետիշացնելով, ասես յուրովի «սեփականաշնորհում» են և օտարացնում: Ուզում են կաղապարի մեջ դնել անկաղապարելի մի բան: Մարդու մարդկային նկարագիրը…
***
Աշխատանքի բերումով, մի քանի անգամ է առիթ եղել, ինչպես ասվում է՝ շփվել Վազգեն Սարգսյանի հետ: Այն էլ՝ դիպվածային առիթներ էին, հիմնականում՝ 1997-ին:
Արդեն շատ հեռու է թվում: Այդ տարվա ամռանը Դաշնակցությունը համահայկական բանակում էր նախաձեռնել, ու ինչպես ասվում է՝ ալամ աշխարհից հարյուրավոր երիտասարդ դաշնակցականներ եկել էին հայրենիք: Չնայած ՀՅԴ գործունեությունն այն ժամանակվա նախագահ Տեր-Պետրոսյանի կամայական ու, ըստ իս՝ ապօրինի հրամանով կասեցված էր, բայց կոնկրետ այդ բանակումը պատշաճ կազմակերպելուն պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը լիարժեք աջակցում էր:
Ձեր խոնարհ ծառան այդ ժամանակ, որպես «Հայոց աշխարհի» թղթակից, թղթակցված էր բանակումը լուսաբանելուն: Ծրագրային կետերից մեկն էլ մեր երիտասարդ հայրենակիցների այցելությունն էր մեր Զինված ուժերի հայտնի N զորամասը: Ու բանակման մասնակիցները անասելի ոգևորված էին թե՛ բուն «էքսկուրսիայից», թե՛ տեսածից, թե՛ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի ներկայությունից ու նրա հետ ասել-խոսելու հնարավորությունից: Անկեղծ, անկաշկանդ, տրամադրող ոգևորություն էր:
Ես էլ հանձնարարություն ունի խմբագրից, որ տեղում ու իրավիճակում կողմնորոշվելով, փորձեմ հարցազրույց վերցնել Վազգեն Սարգսյանից: Այ, ես հաստատ ոգևորված չէի կոնկրետ այդ հանձնարարությունից: Իսկ չոգևորվելուս հիմնական պատճառը այն էր, որ 1996 թվի սեպտեմբերի 25-ից իսկի մեկ տարի էլ չէր անցել: Բայց աշխատանքային ու մասնագիտական պարտականությունները վեր են անհատական զգացողություններից:
Պահը «որսալով», ինչպես ասվում է, մոտեցա ու անմիջապես հասկացա, որ լավ հարցազրույց է լինելու: Երբ մոտեցա ու, վկայականս ցույց տալով, ներկայացա, երկուսս էլ ժպտացինք: Վազգեն Սարգսյանը երևի այդ «չոլ» տեղում իմ ներկայանալու ձևից կամ մի ուրիշ պատճառով, ես էլ, երևի, որ ժպտացող ՀՀ բարձրաստիճան պաշտոնյա եմ տեսնում: Իրոք, լավ հարցազրույց էր, ըստ թեմայի, իրադարձության: Զրուցակիցս էլ՝ իր ասելիքին տիրապետող, ոգևորված ու լա՛վ հայերենով: Իշխանության միջանցքներում քիչ, եթե ոչ՝ հատուկենտ նման զրուցակիցներ կարելի է գտնել, ում ասածի վրա հետո չես տառապում, այլ պարզապես հանձնում ես թղթին (հիմա՝ մոնիտորին) և ընթերցողին:
Մի բան էր վատ՝ անշնորհք քամի էր, իսկ մեծ ձայներիզով իմ ձայնագրիչը, որ հանգիստ կարող էր միջին չափսերով գրքի տեղ անցնել, քամու տակ այդքան էլ լավ չէր ձայնը «վերցնում»: Ու ես անընդհատ ձգտում էի, որքան հնարավոր է, մոտիկ պահել: Դե մարդն էլ, բնականաբար, կամաց-կամաց հետ-հետ էր գնում: Էդպես երևի մի կես մետր գնաց, ետևը թուփ էր, մի քիչ էլ համբերեց, համբերեց ու մեկ էլ նախադասության կեսում՝ «Էդ քյարփինջը բերանս մի մտցրա, վա՜յ…»: Ձեռքս ինքնաբերաբար մի քիչ ետ տարա, իսկ ինքը, ասես ոչինչ չէր էլ եղել, նախադասությունը շարունակեց ու ավարտեց:
Հետաքրքիր էր, բայց հարցազրույցից հետո նաև մի քիչ զրուցեցինք: Հիմնականում՝ հետաքրքրվում էր, թե տեսածից ինքս ինչ տպավորություն եմ ստացել, ինչն էր լավ, կամ ինչը՝ այն չէր: Ու ինչ-որ մանկական պարզություն, ջերմ անմիջականություն կար իր տոնայնության, իր աչքերի արտահայտության մեջ, որ քեզ ակամայից տրամադրում էր անկեղծ ու անկաշկանդ զրույցի: Ասես՝ հազար տարվա ծանոթ մարդու հետ ես զրուցում, այլ ոչ թե Վազգեն Սարգսյանի, ում հետ հարցազրույց անելու առաջադրանքը, դեռ այդ օրվա առավոտյան քեզ առանձնապես չէր ոգևորել, եթե այլ բան չասվի:
Հաջորդ հանդիպումն էլ էր 97-ին: ԵԿՄ-ի հայտնի համագումարից հետո: Մելիք-Ադամյան 2-ում էր: Համագումարից հետո ասուլիս եղավ: Ու երբ մեր գործընկերներից մեկի հարցին Վազգեն Սարգսյանը կատակային ռեպլիկով արձագանքեց, ասուլիսը դրանից հետո մի փոքր թեթև հունով ու արագ անցավ: Իսկ ես հարց էի ուզում տալ և, երբ արդեն դահլիճի կողային դռնից Վազգեն Սարգսյանը՝ ԵԿՄ զինակիցներով շրջապատված դուրս էր գալիս դեպի բակ նայող ճեմասրահ, հարցս տվեցի.
-Պարոն Սարգսյան, համագումարում ներկայացված շատ ծրագրային կետեր համահունչ էին Դաշնակցության մոտեցումներին: Դուք որքանո՞վ եք արդարացված համարում այն, որ նույն մոտեցումներն ունեցող մարդիկ, այդ թվում՝ ազատամարտի մասնակիցներ, որոնց մի մասին Դուք էլ եք ճանաչում, գտնվում են բանտերում:
Վազգեն Սարգսյանը, որ այդ պահին ուրախ տրամադրության մեջ էր, վայրկենապես լրջացավ ու զայրացկոտ ձայնով, թե՝ «Ո՞վ էր, ո՞վ հարցը տվեց»: Երևի մի 4-5 մետր հեռավորության վրա էի: Բարձր ասացի՝ ե՛ս: Ու ինքը թափով ու հաստատուն քայլերով ուղղվեց հարց տվողի կողմը՝ երկրապահ գեներալներն էլ՝ ետևից: Կողքս կանգնած մի քանի հոգին հապճեպ ետ քաշվեցին, եթե չասեմ՝ մի կողմ թռան: Ես էլ՝ արտաքուստ շատ հանգիստ, իսկ ներքուստ՝ լարված, մնացի իմ տեղում: Մոտեցավ, դեմ դիմաց կանգնած իրար աչքերի էինք նայում, մի քանի վայրկյան: Երևի նաև ուզում էր մտաբերել և, դեմքի արտահայտությունից զգացի, հիշեց մեր բացօթյա հարցազրույցն ու զրույցը: Մեկ էլ շրջվեց ու մեզ շրջապատած գեներալներին ձեռքով հասկացրեց, որ մի կողմ գնան, ինձ էլ թեթևակի գլխով արեց, թե՝ գնանք պատուհանի մոտ:
Ասաց, որ ինչ ասելու է՝ ձայնագրելու և գրելու համար չի: Ես ցուցադրաբար անջատեցի ձայնագրիչը ու դարձա երկրի այն ժամանակվա թերևս ամենից ազդեցիկ գործիչներից մեկի թեպետ կարճ, բայց՝ անկեղծ ու պոռթկուն մենախոսության վկան: Ցավ կար իր խոսքում: Ցավ՝ նաև այն տղաների համար, որ բանտում էին հայտնվել: Ցավ, որ ինչ-որ բան, ինչ-որ կետից սկսած, լրիվ սխալ ուղղությամբ էր գնացել: Ու անկեղծ էր: Հիմա արդեն կարևոր չէ, թե ինչն էր այնպես, ինչպես Վազգեն Սարգսյանն էր տեղյակ, կամ ինչը այլ կերպ էր, ու դա հետո դեռ պիտի պարզվեր: Կարևորը նրա անկեղծությունն էր ու այն, որ զգում ես, մարդն իսկապես ցավով էր ասում ու չէր կեղծում, ձև չէր անում:
Դրանից հազիվ մեկուկես ամիս անց երկրի իշխանության ներսում իրավիճակ փոխվեց: Ու իշխանությունն էլ: Ու բոլորն էլ գիտեն, որ դա չէր լինի, եթե Վազգեն Սարգսյանի պես մի վճռական գործիչ չլիներ: Կամ էլ, բոլորովին այլ բան կլիներ, սակայն դրանք «եթե»-ներն են, որոնց պետ պատմությունը չունի…
Հետո, իհարկե, տարբեր առիթներ եղան ընդհանուր լրագրողների «շրջապատման մեջ» հանդեպելու: Նաև հայտնի՝ «աղ ու հացը քաղաքական կատեգորիա չեն» ճեպազրույցի ժամանակ, կարծեմ, Արամ Խաչատրյան համերգային դահլիճի ճեմասրահում…
Մի դեպք էլ եղավ, բայց՝ անուղղակի: Նախարարի հետ հարցը համաձայնեցրած, գնացել էինք զորակոչիկների հավաքակայան՝ ռեպորտաժ անելու: Մի յուրահատուկ բան չէր: Բայց որտեղից՝ որտեղ, մի ռազմական ոստիկան մեջտեղ եկավ, որոշեց իշխանություն բանեցնել: Է՛լ լուսանկարչական ժապավենի «լույս տեսցնելու», է՛լ ձայնագրություն ջնջել-չջնջելու, է՛լ յեսիմ ինչ անհեթեթ խոսքուզրույց: Ոչ մի հակադարձում, հորդոր, զգուշացում, որ վերադասի հետ կապ հաստատեն, որ նախարարն անձամբ տեղյակ է, որ մամուլի քարտուղարն էլ է տեղյակ, որ էս, որ էն, մեր էս ռազմական ոստիկան սպայի ու նրա գործընկերոջ վրա չազդեցին: Մնաց անդրդվելի: Փչացած տրամադրությամբ ու «լույս տեսած» ժապավենով վերադարձանք խմբագրություն: Հաջորդ օրը ֆոտոների փոխարեն առաջին էջի վրա լուսանկարչական ճմռթված ժապավենի անհրապույր պատկերն էր, իսկ ռեպորտաժի տեղակ՝ լրագրողների դեմ համառ «ճակատամարտում» հիշյալ ռազմական ոստիկանների գործած սխրանքների նկարագրությունը:
Վազգեն Սարգսյանը, ասում են, սաստիկ զայրացել էր, բռնկվել: Ու մեր աշխատանքը հարամած ռազմական ոստիկաններին պատժել էին (չնայած, նման ցանկություն առանձնապես չունեինք) ու, միանգամայն տե՛ղն էր: Բայց ամենից կարևորը. նա չէր զլացել, անձամբ զանգահարել էր խմբագրություն և իր հիշյալ ենթակաների վարքի համար ներողություն էր խնդրել: Չգիտեմ, ում համար՝ ոնց: Բայց իմ ընկալմամբ, դա մարդուն լավագույնս բնութագրող քայլ է: Միայն ուժեղ ու ներքուստ շիտակ անհատներն են կարող նման վարմունք դրսևորել:
Իսկ վերջին հանդիպումը 1998-ին էր, Էրեբունի-Երևան տոնակատարության ժամանակ: Այդ տարի բավականին ճոխ, ես կասեի՝ մեծ շուքով էր նշվում մայրաքաղաքիս տարեդարձը՝ 2780-րդը: Դե, մեր ոստիկաններին լավ գիտեք: Հանկարծ նման միջոցառումների ժամանակ աչքներին լրագրող չընկնի ու այդ լրագրողն օտարազգի չլինի, ում առաջ պատրաստ են անգամ կռանալ: Իսկ իրենց հայրենակիցներին պատրաստ են մի այլ կարգի հալածել, երևի օտարազգիների առաջ կռանալու տեղը հանելով: Իշխանություններ ու հասարակարգեր են փոխվում, բայց «միլիցայական» այդ անընկալելի վարքը մնում է անփոփոխ: Ինչևէ: Մի ոստիկան, կարելի է ասել, ֆիքսվել էր իմ վրա ու «կոշտուկ» հարուցեց իր՝ «այս կողմ չի կարելի» «այն կողմ չի կարելի»-ներով:
Ինչևէ, երբ հանդիսավոր մասն ավարտվեց, բարձրաստիճանավորները ելան ու առաջ եկան, որ թերևս շրջեն Էրեբունի ամրոցի տարածքում ու շրջակայքում: Չգիտեմ, նշածս ոստիկանի հետ հրմշտվելս ուշադրություն էր գրավել միգուցե, մեկ էլ նկատում եմ, որ Վազգեն Սարգսյանն, իրեն բնորոշ լայն ժպիտը դեմքին, ուղիղ մեր կողմն է քայլում: Ու հիմա էս ոստիկանները տասնապատկված եռանդով են հրում «կարգազանցիս», թե՝ հեռացե՛ք, ճամփա բացեք ու էլի՝ նման բաներ են ասում: Բայց Վազգեն Սարգսյանը հենց է՛դ կողմ է գալիս: Ու չգիտեմ, թե էս ոստիկանները էլ ինչպես «կաշվից դուրս կգային», եթե այդ՝ իսկապես ծիծաղելի տեսարանից արդեն լիաթոք խնդացող Վազգեն Սարգսյանը ձեռքը թափահարելով չհասկացներ, որ մարդկանց հանգիստ թողնեն: Եկավ, մոտեցավ, ու աջ ձեռ քը պարզեց: Մարդավարի բարևեցինք: Շնորհավորեցինք իրար՝ քաղաքի տոնի առթիվ: Դե ի՞նչ են նման դեպքերում մարդիկ իրար հարցնում՝ որպիսությունը ու նման բաներ: Մանավանդ, որ դա մի քանի վայրկյան է միայն: Մեկ էլ երկու քայլից կանգնեց, կտրուկ շրջվեց, թե՝ ո՞նց էր, լավ էր, չէ՞ ստացվել: Լավ էր, այո…
***
…Ու, եթե դու պարզապես մարդ ես, եթե մեջդ եղած-չեղածը չի վառվել կամ քարացել, չես կարող չցավել կորստի համար: Մի տեղդ հաստատ կկծկվի: Կոկորդդ ներսից քեզ կխեղդի: Ու, եթե դու մարդ ես, ում համար մեկ չի, թե ինչ կլինի իր երկրի հետ, չես կարող չտեսնել, որ ստահակները հոկտեմբերի 27-ին միայն Վազգեն Սարգսյանին ու Կարեն Դեմիրճյանին ու մյուս գործիչներին չսպանեցին, այլ մի թունավոր ու մեծ դանակ խրեցին Հայաստանի թիկունքը, ճիշտ՝ թիակների մեջտեղը: Հույսի վրա ավտոմատ քաշեցին… Ու բոլորիս վրա են կրակել: Բոլոր էն հայ մարդկանց վրա, ովքեր ուզում են, որ Հայաստանը ոչ թե կարոտի ու «վաշ-վիշ»-ի օբյեկտ լինի, այլ՝ պետություն, հարազատ օրրան, անփոփոխելի հասցե:
Բայց մենակ էդ չի:
Մենք փոքր ածու ազգ ենք: Քանակով քիչ: Մեր նկատելի գործիչներն էլ են քիչ: Բայց մենք դա էլ ենք շատ համարում և ներսից «ուտում ենք» նրանց: Ով ինչքան կարողանում, մի բան անում է, որ այս կամ այն գործիչը գործչից դառնա առնվազն «տնավարիությամբ» առաջնորդվող մեկը ու, մեծ հաշվով, շարքից դուրս գա: Դե, իսկ եթե մեկնումեկը քչից-շատից պետական մտածողություն է դրսևորում, կարող է մոտը հերթ գոյանա՝ իրեն հոշոտել ցանկացողների…
Սա, ոնց ասվում է՝ տողերի արանքում:
Վազգեն Սարգսյանը, որ շատ ու այլ շատերի հետ իր անուրանալի ավանդն ունի թե՛ Արցախի ազատամարտի հաղթանակի, թե՛ բանակ ու պետություն ունենալու մեջ, դրամատիկ ու ողբերգական ճակատագրով հայ մարդ է: Պետական գործչի այն՝ քիչ հանդիպող տեսակից, որ կարողանում է տղամարդավարի տեսնել իր սխալը, հասկանալ, թե որը կամ ինչն էր սխալ, ապա վճռական պահին իր դիրքն ունենալ ու կանգնել իր դիրքում: Ու կրկնակի ցավալի է, որ շրջադարձի վրա, այն փուլում, երբ կուտակած բացասական ու դրական փորձերի հանրագումարը պիտի ի սպաս դներ իր այնքան սիրած երկրին ու մարդկանց, թռիչքն ընդհատվում է:
Նա մահապարտ էր: Եվ այդ ժամանակ մահը փախավ նրանից, բայց հետո, կարիճի պես խայթեց, երբ նա արդեն կյանքապարտ էր ու, դժվար աճած ծառի նման պիտի դեռ լուսավոր պտուղներ տար իրեն գուցե էնքան էլ չխնամածներին:
Շնորհավոր տարեդարձդ, Վազգեն Սարգսյան:
Արմեն Հակոբյան, լրագրող