Մարդու վրա որ շատ աչքեր են լինում, մարդը փորձանքների է հանդիպում։ Այս մասին, այսօր՝ մարտի 5-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, պատասխանելով  հարցին, թե քրեական դեպքերին իր մասնակցությունն ինչպես է անդրադառնում իր եւ իր մարզպետ հայրիկի հեղինակության վրա։

Հարցին, թե ում աչքերը նկատի ունի՝ պաշտոնատար անձա՞նց, գորիսեցիների՞, նա պատասխանեց․ «Վատ մարդկանց, է՜, ինչ իմանամ՝ ովքեր են վատ մարդիկ»։ Դիտարկմանը, թե «Սդղի գյոլի» ծեծկռտո՞ւքն էլ էր վատ աչքերի հետեւանք, Տիգրան Խաչատրյանը նախընտրեց անպատասխան թողնել հարցը։

Նշենք, որ թեեւ Տիգրան Խաչատրյանը չի ծառայել բանակում, սակայն Գորիսի ԵԿՄ երիտասարդական կառույցի ղեկավարն է:  Մեր հարցին՝ ինչպե՞ս կարող է լինել այդ կառույցի ղեկավարը, երբ խուսափել է հայրենիքի հանդեպ օրենքով սահմանված պարտքը կատարելուց, մարզպետի որդին հակադարձեց․ «Ի՞նչ կապ ունի դա: Ոչինչ, ոչինչ, կարա լինի, ի՞նչ ա եղել, կարեւորը մարդ իր ազգի համար պատրաստ լինի կրիտիկական պահերին»։ 

Տարատեսակ քրեական միջադեպերին իր մասնակցության վերաբերյալ հարցերին Տիգրան Խաչատրյանը խուսափում էր պատասխանել՝  լրագրողներին հորդորելով իրեն  հանգիստ թողնել եւ հիմնավորելով, թե օրը հարմար չէ այդ հարցերին պատասխանելու համար։ Նրան օգնության հասավ մի զինվորական եւ թեւանցուկ տարավ լրագրողների մոտից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել