Ստամբուլում թուրքական ընդդիմադիր Zaman թերթի շենքի մոտ հանրահավաքը վերածվել է ոստիկանների հետ բախումների։ Հարյուրավոր ցուցարարներ այնտեղ էին հավաքվել ընդդեմ պարբերականի հնարավոր փակման։ Reuters գործակալության փոխանցմամբ՝ թուրքական ոստիկանությունը ներխուժել է հայտնի պարբերականի գրասենյակ՝ ջրցաններով ու արցունքաբեր գազով ցրելով ցուցարարներին։
Ներկայում խմբագրությունում խուզարկություններ են կատարվում, ոստիկանները շարունակում են ցրել ցուցարարներին, որոնք պահանջում են դադարեցնել հարձակումները Zaman-ի դեմ։ Հատուկ միջոցների կիրառման հետևանքով կան վիրավորներ, այդ թվում՝ ընդդիմադիր պատգամավորներ, թերթի աշխատակիցներ։
Ոստիկանությունը շենքը գրոհել է այն բանից հետո, երբ մարտի 4-ին Ստամբուլի դատարանը Zaman-ի ղեկավարման համար հոգաբարձուներ նշանակեց։ Պարբերականի աշխատակազմը մտավախություն ունի, որ դա կհանգեցնի թերթի փակման։



