Tert.am-ը գրում է.

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 4-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ իրավապահ և ուժային կառույցների ղեկավարների և ներկայացուցիչների մասնակցությամբ:


Այս մասին հայտնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։


Խորհրդակցության ընթացքում քննարկվել են հանցավորության դեմ պայքարին, հասարակական կարգի պահպանմանը և այս գործընթացի մեջ ներգրավված մարմինների առջև ծառացած խնդիրներին և հետագա անելիքներին առնչվող հարցեր:


Համապատասխան զեկույցներով և ելույթներով հանդես են եկել շահագրգիռ մարմինների ղեկավարները:


Իր խոսքում Նախագահ Սահակյանը նշել է, որ իրավապահ և ուժային համակարգերի գործունեության արդյունավետությունը կախված է ինչպես առանձին կառույցների աշխատանքից, այնպես էլ նրանց փոխգործակցության մակարդակից:


Երկրի ղեկավարն ընդգծել է, որ ոչ մի հանցագործություն չպետք է անպատիժ մնա, ինչը բոլոր կառույցների աշխատակիցներից պահանջում է արհեստավարժության համապատասխան մակարդակ, սկզբունքայնություն, իրենց վրա դրված պարտականությունների հստակ կատարում՝ հավելելով, որ հասարակությունը պետք է անընդունելի համարի ցանկացած հանցավոր դրսևորում:


Խորհրդակցությանը մասնակցել են Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել