Հասարակական կապիտալը մարդկային կապիտալի առկայությունից բխող տրամաբանական շարունակությունն է: Հասարակության և պետության մրցունակությունն ու զարգացվածության աստիճանը ուղիղ համեմատական է հանրության ունեցած հասարակական կապիտալին: Հասարակական կապիտալի չափերով է պայմանավորվում տվյալ հասարակության ներսում գործող քաղաքական հարաբերությունների ու ձևավորված կամ ձևավորվող մշակույթի որակը:Տվյալ թեման շարունակվում է ուսումնասիրվել բազմաթիվ սոցիոլոգների և քաղաքագետների կողմից, որպես պետության ներսում առկա տարատեսակ խնդիրների սկզբնաղբյուր:
Ազատական հասարակության ստեղծման հիմնական գրավականներից մեկը սոցիալական կամավոր խմբերի ստեղծումն է: Կամավոր սոցիալական խմբերի ստեղծումը արդյունք է տարբեր անձանց միջև հանգած այն եզրակացության, որ համագործոկցությունը համապատասխանում է նրանց երկարաժամկետ շահերին: Առաջին հայացքից թվում է, որ այս դեպքում համագործակցության ու փոխգործակցության համար վստահությունը ոչ կարևոր բաղադրիչ է և նմանատիպ փոխգործակցության արդյունավետության համար իրավական մեխանիզմներն ու անհատների անձնական շահերը բավարար են: Սակայն թեև իրավական կարգավորումներն ու սոցիալական խմբում ներգրավված անհատների անձնական շահերը ցանկացած սոցիալական խմբի կարևոր հիմքերն են, փորձը ցույց է տալիս, որ առավել հաջողված և գործունյա կազմակերպությունները ներառում են այնպիսի սոցիումների, որոնց անդամները միմյանց միջև կիսում են ընդհանուր բարոյական արժեքներ: Վերոգրյալ տեսակի հանրույթներում չի զգացվում պայմանագրային ու իրավական հարաբերությունների կարգավորման խիստ անհրաժեշտություն, քանի որ նրանց անդամների միջև գոյություն ունի բարոյական փոխհամաձայնություն՝ որպես փոխադարձ վստահության հիմք:
Հասարակական կապիտալը պահանջում է հենց վերոնշյալ բարոյական ընդհանրականության ձևավորում: Այլ կերպ ասած հասարակական կապիտալը չի կարող լինել անհատական գործողությունների արդյունք: Հասարակական կապիտալը ենթադրում է հասարակական, այլ ոչ թե անհատական առաքինությունների առաջնայնություն: Հասարակական կապիտալը հասարակության շրջանում միմյանց նկատմամբ փոխվստահությունից բխող միավորման արդյունքում ստեղծված ընդհանուր արդյունքն է:
Եթե մարդիկ սոցիալական խմբերը ստեղծվում են փոխվստահության և ընդհանուր արժեքային և բարոյական համակարգի հիման վրա հասրակական կապիտալն անհամեմատ մեծ է լինում և ծառայում է պետության ընդհանուր զարգացվածությանն ու հասրակական հարաբերություններում բարձր վստահության ձևավորմանը: Ինչի արդյունքում էլ հասարակության ներսում սկսում են գերակշռել կամավորական միավորումները:
Եվ ընդհակառակը, իրար չվստահող մարդիկ կարող են համագործակցել միայն ֆորմալ կանոնների ու հրահանգների համակարգի շրջանակներում, որոնք պետք է մշտապես մշակել, համաձայնեցնել, պաշտպանել դատարաններում, իսկ հետո ապահովել դրանց կիրառումը կյանքում, այդ թվում և հարկադրանքի միջոցների օժանդակությամբ:
Ժամանակի ընթացքում հասարակություններն ի զորու են ինչպես կուտակելու հասարակական կապիտալ այնպես էլ կորցնելու այն: Օրինակ միջին դարերի ֆրանսիայում գոյություն ուներ քաղաքացիական միավորումների ճյուղավորված համակարգ, սակայն 17-18-րդ դարերից սկսած տարերայնորեն միավորվելու ֆրանսիացիների ընդունակությունը գործնականում ոչնչացավ՝ պարտվելով միապետական կենտրոնացված ռեժիմին:
Հ.Գ. Վերոգրյալը կարելի է պրոյեկտել մեր հասարակության վրա՝ հետևությունները թողնելով ընթերցողին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել